երկինքր, որ երեկ այնպես զվարթ ժպտում էր, այժմ նայում էր ծովին սպառնալի։ Իսկ ծովն անդորր էր և չէր վախենում։
Խցիկիս հարևանը մի շատախոս իտալացի էր, որովհետև համայն աշխարհում ընդունված է, որ մի ազգի քաղաքական սայլը տիղմի մեջ խրվելիս նրա զավակներն անպատճառ հայհոյեն Անգլիային, հարևանս այդ պարտականությունը կատարում էր ամենայն եռանդով և իր ցեղին հատուկ ավյունով։
Կեսօրին դեմ մոտեցանք Բոսֆորի սկզբին։ Շոգենավը կանգ առավ մի փոքրիկ ծովածոցի բերնում։ Երրորդ կարգի ճամփորդներին ոչխարների հոտի պես թափելով նավակների վրա, քշեցին, տարան ախտահանության կայարանը։ Ժլատ հայը քիչ էր մնում կատաղությունից պայթե, որ ստիպված էր առժամանակ հեռանալ իր մեծարժեք թաշկինակից։ Միլիոնատեր հրեան վարից վեր տխուր ժպտում էր իր քնքուշ Սեսիլիային, որ անհոդ սեթևեթում էր երիտասարդ իտալացու հետ, մերթ ընդ մերթ լոռնետի ծայրով քնքշորեն շոշափելով նրա գեղեցիկ քիթը, կարծես, համոզվելու համար, որ նա արվեստական չէ։
— Այդ կեղտոտ խուժանի պատճառով երկու ժամ պիտի սպասենք այստեղ,— լսեցի ռուսերեն լեզվով մի բարձր ձայն։
Ետ նայեցի։ Ամբարտավան հայ զույգն էր։ Նա զուգվել ու զարդարվել էր ամբողջ շուքով Պոլիս մտնելու համար։
Շոգենավը, վերջապես, շարժվեց։ Մի քանի րոպե ևս, և ահա մենք տիեզերահռչակ նեղուցի մեջ ենք։
Բարեբախտաբար անձրևը դադարել էր, եղանակը պարզվել։ Բամբակի պես ճերմակ ամպերը սահում էին կապույտ երկնքի վրա խուռն երամներով։ Կարծես, շտապելով հասնել մի որոշ տեղ, աշխատում էին իրարու առաջել։ Դա մի հանդիսավոր թափոր էր, որ ուղեկցում էր մեզ օձապտույտ նեղուցի երկայնությամբ։
Տեսարանն աջ ու ձախ մոգական էր։ Սալոնից լսվում էին դաշնամուրի թախծալի հնչյունները։ Չգիտեմ՝ ո՞վ նվագում էր Լիստի մի ռապսոդիան։ Եվ այդ անտառազարդ բլուրները, այդ թավշապատ ձորերն ու խորշերը, այդ մեկը մյուսից