Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/199

Այս էջը սրբագրված է

հազիվ կարողացավ խառն ամբոխի մեջ գտնել չքացնողիս Հույն, բեռնակիր էր։ Ուժից վեր բեռան տակ տնքալով, չէր մոռանում աջ ու ձախ արձակել տաճկերեն լեզվով հիշացներ։ Կառք չգտանք, կամ ճիշտն ասած, բեռնակից չկամեցավ, որ՝ գտնենք։ Զգուշացնելով գրպանահատներից, նա մեզ առաջնորդեց դեպի ֆունիկլյոր. մի ստորերկրյա գիծ, որ քարափը կապում է Ղալաթիայի հետ։ Օրվա այն միջոցին էր, երբ առանձին ջանք է հարկավոր այդ գծի վրա տեղ գտնելու համար։ Մեզ հաջողվեց գտնել բավական հրհրվելուց և տրորվելուց հետո։

— Թոքաթլյան,— հրամայեցի բեռնակրիս։

— Այնտեղ ազատ սենյակ չեք գտնի,— ասաց նա,— ես ձեզ կառաջնորդեմ մի շատ լավ տեղ։

«Շատ լավ տեղը» դուրս եկավ մի կեղտոտ ու մութ պանդոկ երրորդ կարգի։ Ուշ երեկո էր. ստիպված էինք գիշերել։ Բայց ի՜նչ գիշեր, մինչև լույս չկարողացա քնել հատակի և առաստաղի մեջ արշավող մկների ծլվլոցներից և, որ ավելի անախորժ էր, հույն տիրուհիների ու սպասուհիների գոռում֊գոչյուններից։ Բոլոր ազգերից հույներն են ավելի բարձրաձայն խոսում։ Հաճախ թվում է, թե կռվում են, այն ինչ զրույց են անում միայն։

Հետևյալ օրը գնացի Թոքաթլյան, և ինձ տրվեց մի մաքուր ու լուսավոր սենյակ դեպի փողոց։

Կ. ՊՈԼՍՈԻՄ

Ահա մի գեղեցկուհի, որ պիտի նայել հեռվից, եթե չեք կամենում նրա ապականված մարմնի վերքերը տեսնել։ Բնությունն ստեղծել է մի աննման շրջանակ, մարդն այդ շրջանակի մեջ դրել է մի այլանդակ ձեռակերտ։

Եթե կամենում եք Բյուզանդիոնի մասին պահել մի անուշ երազ, մի՛ իջնեք նավից, նայեցե՛ք հեռվից և հեռացեք։ Այլապես պիտի զղջաք։ Գեղեցիկ է եղել թե չէ Կ․ Պոլիսը հույների ժամանակ, չգիտեմ, բայց այժմ նա ինքն ապականություն է ներսից։