Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/201

Այս էջը սրբագրված է

զարդարված, ուղտերն իրանց վեհապանծ քայլվածքներով և միշտ ու միշտ հեռու նայող երազուն աչքերով թրքուհիները իրանց փակ բերաններով, մերկ սրունքներով, — այս բոլորն այնքան ընտանի էին ինձ, որ կարծում էի, թե վաղուց, շատ վաղուց եմ տեսել Ստամբուլը։ Չէ որ իմ ծննդավայրն էլ մի փոքրիկ Ստամբուլ է, գոնե եղել է իմ մանկության օրերում։ Այն տարբերությամբ, որ այնտեղ իշխում է թաթարի սև փափախը, իսկ այստեղ օսմանցու կարմիր ֆեսը:

Ամենից հետաքրքրականն էր ինձ համար թրքուհու տիպարը, որի գեղեցկության մասին առասպելներ էի կարդացել ու լսել։

Գեղեցի՞կ է արդյոք թրքուհին այնպես, ինչպես նկարագրում են նրան եվրոպացի ճամփորդները։ Չեմ կարող ասել։ Երկու ամսվա ընթացքում ես Կ. Պսլիսի բոլոր արվարձաններում, դիտելով հարյուրավոր թրքուհիներ, ավելի չհիացա նրանց, քան հայուհու, հրեուհու կամ հույնուհու գեղեցկությամբ կամ պակաս տգեղություններ չտեսա, քան այլուր։ Պատահում են, հարկավ, էակներ, որոնց երկնագույն կամ ածուխի պես սև աչքերը ընդունակ են մի հայացքով խոցոտել դիտողի սիրտը, բայց ո՞ւր չկան այդպիսիները։ Նույնիսկ եվրոպական ամենատգեղ ազգի, զվիցերացիների մեջ կարող եք գտնեք գեղեցկուհիներ...

Ես կարծում եմ, որ եվրոպացի ճամփորդին մոլորեցնողը թրքուհու դեմքի քողն է և նրա ազգային զգեստը։ Հագցրու նրան եվրոպական տարազ, և նա կդառնա մեկը սովորական եվրոպուհիներից ու այնքան չի շլացնի արևելքի ամեն ինչը չափազանցացնող և ամեն ինչը գունավորող եվրոպացի ճամփորդներին, որքան այժմ։ Թրքուհու թալիսմանը մուսուլմանական «արգելքի» մեջ է. վերցրեք այդ արգելքը, և նա շատ բան կկորցնե, ինչպես արդեն սկսել է կորցնել այն օրից, երբ ճաշակել է եվրոպական քաղաքակրթության առաջին պտուղները։

Փարիզում և Հռոմում ես տեսել եմ բավական թվով թրքուհիներ եվրոպական տարազով։ Գոնե փողոցներում և թատրոններում նրանք ոչնչով չէին տարբերվում եվրոպուհիներից արտաքուստ և չէին գրավում բացառիկ ուշադրություն։ Բայց