Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/203

Այս էջը սրբագրված է

Մի մասը թատերասերներ էին, ունեին մի դրամատիկական ընկերություն և կանոնավոր դերասանական խումբ, որոնք քաղաքակրթության տեսակետից գուցե անհամեմատ ավելի մեծ գործ էին կատարում, քան մեր անթիվ «քաղաքական» գործիչները։

Խմբի մեջ կային մի քանի անվիճելի ձիրքեր։

Դրամատիկ ընկերությունը, որի ղեկավարների, թվումն էր և «Կավռոշ» զավեշտաթերթի խմբագիր սրամիտ և մի քիչ սատանա Թոլայանը, իմ ներկայությամբ Կ․ Պոլսում, և նրա շրջակայքում խաղաց իմ պիեսներից մի քանիսը «ի պատիվ հեղինակի»։ Այդ ներկայացումներն ինձ պատեհություն տվեցին շփվելու Կ. Պոլսի հայության հետ և հուզմունքով վայելելու նրա հարգանքի այնքան խանդավառ ցույցերը։ Ցույցեր, որոնց ես ամբողջովին վերագրում եմ պոլսահայերի ջերմ սիրուն դեպի մայրենի գրականությունն ու թատրոնը։

Տեղն է ասելու, թե այդ ներկայացումներին ես կրկնակի համոզվեցի, որ արևմտահայերի և արևելահայերի համազգային համերաշխության ամենաամուր շաղափը կարող են լինել գրականությունն ու թատրոնը, այսինքն՝ մայրենի լեզուն։ Քաղաքականության հողը չափազանց լպրծուն է։ Համենայն դեպս մեր այժմյան քաղաքագետների ու ղեկավարների մանկական ոտները շատ թույլ են այդ հողի վրա հաստատուն կանգնելու համար։

Թատերասերներին կից իմ բարեկամներն էին երիտասարդ գրողները։ Հիշում եմ և երբեք չպիտի մոռանամ Վ․ Յարճանյանին, որի ոտանավորները նույնքան զորեղ թվացին ինձ, որքան և իր ողբացյալ եղբոր Սիամանթոյի երկերը։ Ոչ պակաս հաճելի է ինձ համար մտաբերել իրավաբան Բախտիարի բովանդակալի զրույցները, կատակները և հետաքրքրական տեղեկությունները թուրքերի կյանքից։

Բայց այդ բոլորի հետ միասին ինձ համար վշտալի էր չգտնել Գրիգոր Զոհրապին, Սիամանթոյին, Վարուժանին, Ռուրեն Զարդարյանին... Դառն էր տեսնել նրանց տեղերը թափուր և չգիտնալ իսկ, թե որտեղ են նեխվել նրանց հոշոտված մարմինները․․․