Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/204

Այս էջը հաստատված է

***

Իմ թափառող ու որոնող հոգու համար մի սփոփանք էր տեսնել մեր տաղանդավոր երգիծաբանին, որի անվան անմահացման համար բավական է միայն «Ծապլվարը»։

Պատահեցի ես Երվանդ Օտյանին առաջին անգամ Թոքաթլիի ճաշարանում ճիշտ այն երանելի վիճակում, որ միակ հաճելին է իր համար։ Առանց գիտնալու ով լինելը, զգացի, որ սովորական մահկանացուներից չէ։ Տաղանդները փոքրիկ արեգակներ են, որ ունին իրանց ճառագայթները։ Միջահասակ, նրբակազմ, սակավ ինչ կորամեջք (արդյոք մտքերի ծանրությունից), հստակ սափրած երեսով ու շրթունքներով, խորաթափանց ու ժպտուն աչքերով — ահա Օտյանը։ Ի՜նչ մեղմ և ծաղակոծող, բարի և սուր, ի՜նչ մարդասեր և մարդագետ նայվածք։ Եվ ի՜նչ թավշյա անուշ բարիտոն։

Ես ոգելից ըմպելիքների թշնամիներից չեմ, ինչո՞ւ մեղքս թաքցնեմ, բայց երբեք ոչ մի բաժակ այն հաճույքով չեմ պարպել, որով պարպեցի Օտյանի ինձ առաջարկած առաջին բաժակն անգլիական «ուսկիի»։ Եվ այդ օրից ես դարձա նրա ամենօրյա բաժակակիցը։ Ճշմարիտ է, շատ անգամ Օտյանը սրճարան գալիս էր արդեն «պատրաստ», բայց ես էլ չէի զլանում շուտով պատրաստվել, թեև երբեք չէի կարողանում հասնել նրա աստիճանին։ Եվ մենք, գլուխներս տաքացրած, ժամերով խոսում էինք, երբեմն մինչև ուշ գիշեր։ Նա պատմում էր տաժանակիր աքսորում կրած իր տառապանքները, ես պատմում էի Կովկասի կյանքից։ Բայց մեր զրույցները գլխավորապես գրականության ու արվեստների շուրջն էին պտտվում։ Սիրում էի նրա սրամիտ դիտողոթյունները գեղեցիկի մասին, նրա կարկառուն մտքի անակնկալ թռիչքները։ Եվ այսօր դժվարանում եմ հիշել ամբողջ հայության մեջ գրչի մի ուրիշ մարդ, որ ունենար Օտյանի չափ նուրբ ըմբռնողություն գեղեցիկ գրականության և գեղեցիկ արվեստի մասին։

Երվանդ Օտյանը մի գրող է եվրոպական իմաստով, որի արժեքը տակավին չի գնահատվել հայության կողմից։ Եվ ինձ համար ցավալի էր տեսնել, որ մեր միակ երգիծաբանը իր