իր, մայրենի լեզուն, չգիտե հաճախ նաև ոչ մի օտար լեզու կանոնավոր։
Հասարակական վայրերում ընկերական շրջաններում, թատրոններում և ընտանիքներում պոլսահայը գիտե իրան պահել ավելի վայելուչ, քան ռուսահայը։ Նա զուսպ է, շրջահայաց գիտե կշռել իր յուրաքանչյուր խոսքն ու այնպես արտասանել։ Նա մոլար չէ և չգիտե շփոթվել։ Զվարթ չէ ռուսահայի չափ, բայց կիրթ է ավելի։ Այն, ինչ որ ռուսահայն անվանում է պարզություն, պոլսհայի հայացքով կոպտություն է։ Եթե լավ դիտենք, կտեսնենք, որ այս տեսակետից շատ դեպքերում պոլսահայն իրավացի է։ Արդարև ռուսահայը հաճախ պարզության կամ անկեղծության քողի տակ մի կոշտ խոսքով վիրավորում է իր բարեկամի սիրտն ու թունավորում նրա օրը։ Եվ կարծում է, թե հավիտենական ճշմարտության գանձարանի մեջ մի անգին գոհար ձգեց։
Ռուսահայի համար շողոքորթություն է, երբ պոլսահայը իրան դիմավորում է ժպիտն երեսին և կոմպլիմանը շրթունքերի վրա։ Նա չգիտե, որ այդ ժպիտն ու այդ կոմպլիմանը որոշ քաղաքակրթության շողեր են։ Բայց միևնույն ժամանակ նա զմայլվում է ֆրանսիացու քաղաքավարությամբ, երբ սա ամեն քայլափոխում արտասանում է իր ավանդական «pardon»֊ը կամ «je vous en prie»-ն։
Ճշմարիտ է պոլսահայը ընկերական հարաբերությունների մեջ զուսպ է, գաղտնապահ։ Նա իր խոսակցին շուտ չի բանում իր սիրտը և զգուշանում է անմիջական վստահություն արտահայտելուց։ Նուրբ կամ վտանգավոր խնդիրների մասին խոսակցելիս՝ նա հանկարծ լռում է և իր հայացքը սևեռում պատերին կամ առաստաղին։ Նա թողնում է, որ դուք գուշակեք նրա միտքը, եթե կարող եք։ Ճշմարիտ է, հաճախ պոլսեցու դեմքը սքողվում է Սֆինքսի խորհրդավորությամբ, երբ այդ բոլորովին ավելորդ է և երբեմն ծիծաղելի։ Ճիշտ է, դուք շատ անգամ դժվարանում եք գուշակել՝ կատա՞կ է անում պոլսահայը, թե՞ լուրջ է խոսում, ծաղրո՞ւմ է ձեզ իր մտքում, թե՞ հարգում։
Այդ բոլորը ռուսահային շփոթեցնում է և կասկածներ հարուցանում նրա մեջ։ Բայց ամեն ինչ հասկանալի է