գրեմ։ Տիկին Անայիս (Ավետիսյան) և տիկին Պահարի,— երկու նրբամիտ հայուհիներ, երկուսն էլ բանաստեղծ։
— Եկել ենք մեր հարգանքները ձեզ մատուցանելու և խնդրելու, որ առաջիկա կիրակի ձեր ներկայությամբ պատվեք մեր կոնֆերանսը,— ասաց տիկին Անայիսը։
— Հաճույքով, բայց ինչի՞ մասին է ձեր կոնֆերանսը,— հարցրի ես, — եթե քաղաքական խնդիրների, հապա ներեցեք․․․
— Քավ լիցի,— աճապարեց ընդմիջել տիկին Պահարին, հեգնորեն ժպտալով։ — Մեր Լիգայի միակ նպատակն է հայ կնոջ մտավոր զարգացումը և բարոյական կրթությունը։
— Միջոցնե՞րը կրթության։
— Գրականություն և արվեստներ։
— Սքանչելի է ձեր նպատակը։ Քաղաքականությունը ջախջախված դաշնակ է կնոջ մատների համար։ Կարծեմ, Աստված Եվային ստեղծելիս ասել է. «Եղիր ինչ կամենաս, նույնիսկ խմբագիր, բայց երբեք քաղաքագետ, եթե չես ուզում Ադամից զրկվել»։
Չեմ երաշխավորում, որ ճիշտ այդ խոսքերն ասացի, բայց նման մի բան էր ասածս։
Ես սիրով ընդունեցի նրանց հրավերը։ Գնացի կոնֆերանսին և շատ լավ արի, որ գնացի։
Սիլողոսի դահլիճը գրեթե լիքն էր պոլսուհիներով։ Այդտեղ էր Զավեն Սրբազան պատրիարքը. մի համեստ և համակրելի դեմք, որ ինձ վրա թողեց հաճելի տպավորություն։ Բանախոսեց մանկավարժ Ռեթեոս Պերպերյանի որդին, որ իր հերթին նույնպես մանկավարժ է և շարունակում է իր հանգուցյալ հոր գործը։
Որպիսի ուշադրությամբ էին լսում այդ հարյուրավոր էակները բանախոսի տարրական մտքերը ֆեմինիզմի մասին։ Դա ծարավ հոգիների մի ծաղկանոց էր, որ բառերի հեղեղը կլանում էր ագահությամբ, որպես մի կենդանարար անձրև... Այդ օրն էր, որ ես հաճույք ունեցա ծանոթանալ բազմթիվ պոլսուհիների հետ և ստանալ մի քանի ընտանեկան հրավերներ։ Կարո՞ղ էի մտածել որևէ մերժման մասին,