Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/209

Այս էջը սրբագրված է

քանի որ այնքան մեծ էր իմ փափագը գեթ մի հեռավոր հայացք ձգելու պոլսահայ կնոջ ներքին աշխարհի վրա։

Ներքին աշխա՜րհ։ Դյուրին է ասել և որքա՜ն դժվար թափանցել։ Դոստոևսկին ասում է, թե կնոջ հոգու բանալին շողոքորթությունն է։ Ես շողոքորթության փոխարեն պիտի ասեի՝ լռությունը։ Փակեցեք ձեր բերանն ամուր և լայն բացեք ձեր ականջները, մի՛ վիճաբանեք, մի՛ հերքեք, միայն լսեցեք և կարող եք ապահով լինել, որ հետզհետե կբացվի ձեր առջև կնոջ հոգին։

Սակայն պոլսահայ կնոջ հետ այնքան հաճելի է խոսել, որ չեք կարող լռել։ Միևնույն է, գեղեցիկ է նա թե ոչ, երիտասարդ է թե ոչ, նա գիտե անմիջապես բանալ ձեր լեզուն եթե ոչ իր արտաքինով, գեթ իր նրբամիտ խոսքերով, իր հյուրընկալ ժպիտներով, իր փաղաքուշ ձայնով։ Վերջապես իր մաքուր, երաժշտական բարբառով։ Երբ հյուր եք նրա տանը, ուշադիր է ձեր յուրաքանչյուր խոսքին, շարժմանը, դեմքի արտահայտությանը։ Նա մի վայրկյան անգամ թույլ չի տալիս ձեզ ձանձրանալ։ Ֆրանսիական քաղաքակրթության ազդեցությո՜ւն է այս, թե՜ մայրական ժառանգություն պոլսուհու, որի քաղաքային նիստուկացը դարերի հարատևությունն ունի։ Փույթ չէ, որ պոլսուհու մտավոր զարգացման պաշարն ավելի չէ, քան ռուսահայ կնոջ պաշարը։ Փույթ չէ, որ նա պակաս է տեսել օտար թատրոններ և ավելի քիչ ճամփորդել, քան ռուսահայ կինը։ Փույթ չէ նաև, որ նա ավելի վատ է նվագում, ավելի վատ է երգում և շատ էլ խստապահանջ է թե՛ մեկի և թե՛ մյուսի վերաբերմամբ։

Այնուամենայնիվ, նրա հետ ավելի հաճելի է զրույց անել, քան ռուսահայ կնոջ հետ։ Եվ դա ոչ միայն այն պատճառով, որ պոլսուհու այնքան անուշ և այնքան երաժշտական արտասանությունը հայ լեզվի՝ շոյում է ձեր լսելիքը, թեև հենց միայն այսքանը մի մեծ հրապույր է, մանավանդ, հայ գրողի համար։ Կա և մի ուրիշ բան. պոլսուհին գիտե իր ունեցած փոքրիկ գանձը ծախսել ավելի գեղեցիկ և ավելի արվեստագետորեն։

Պոլսուհին ավելի արտիստ է, քան ուսուցիչ կամ պատգամախոս։ Ինչպես դերասանուհի, նա միշտ բեմի վրա է,

[1]

  1. 8 Շիրվանզադե, Երկերի ժողովածու Հ, IX