4
Ավելի գեղեցիկ է մեծ տաճարի առջևի գավիթը։ Դա մի բավական հոյակապ շինություն է, ուր թաղված են Աբաս և Կյուրիկե թագավորների և բազմաթիվ հայ իշխանների և նշանավոր հոգևորականների մարմիններ։
Ուշադրության արժանի է այս գավթի աղեղնաձև կամարը։ Շինված է նա տեղային կարմիր և կապույտ քարերից, որոնց շղթայակապ միությունը սքանչելի հյուսվածքի տպավորություն է անում մարդու վրա։
Երկար ժամանակ մենք դիտում էինք այս կամարը, մերթ հատուկտոր հարցեր առաջարկելով վանահորը և մեր հարցերի ճիշտ պատասխանները ստանալով գյուղի քահանայից, ընկճված կազմվածքով և խոնարհ դեմքով մի կարճահասակ, նիհար երիտասարդ մարդուց։
Աջ ու ձախ այս գավթից, որ միևնույն ժամանակ համարվում է և ժամատուն, գտնվում են երկու փոքրիկ եկեղեցիներ, դեպի ձախ՝ Լուսավորիչը, դեպի աջ՝ Աստվածամայրը, որ կառուցել է տվել Խաթուն անունով մի տիկին իր եղբայրների հիշատակին։
Մենք անցանք «Համազասպա գավիթը»։ Այս շինության արտաքին տեսքը ներքինի հետ մի տեսակ հակապատկեր է ներկայացնում։ Որքան տձև է նա դրսից, նույնքան գեղեցիկ և շքեղ է ներսից։ Մի ահագին քառակուսի բլուր, կատարյալ բլուր՝ գագաթը, ստորոտը և կողքերը բույսերով ծածկված—ահա նրա արտաքինը։ Վեց հարյուր և երեսունումեկ տարի գոյություն ունեցող այս շինությունը ժամանակի ծանրությունից հաղթված՝ հետզհետե կիսով չափ թաղվել է գետի մեջ, և խոնավ հողը, կարծես, սպառնում է ամբողջովին կլանել նրան։
Դա դրսից։
Իսկ ներսը վնասվել է մարդկանց անհոգությունից։ Կարմիր ու կապույտ քարերից շինված գեղեցիկ կամարը տեղ-տեղ խախտվել է, քարերը դուրս են ընկել և ոչ ոք չի հոգացել իր ժամանակին պաշտպանել նրանք, նորոգել։ Կարծես, բավական չէ, մի ձեռով շինող, մյուս ձեռով ավերող