Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/211

Այս էջը սրբագրված է

անխոնջ և անվարձ ջանքերն՝ ամոքելու ազգի մեծ թշվառության մի փոքրիկ մասը։ Հիացա սենյակների մաքրությամբ, կերակրի առատությամբ և հիվանդների անբիծ ննջյակներով։

Հետո հրավիրվեցի թեյասեղանի։ Այդտեղ էր, ահա, որ տեսա մի զմայլելի փունջ հայուհիներից։ Մի փունջ, որ կարող էր ամենախստապահանջ գեղարվեստական ճաշակը գոհացնել։

Եթե պոլսուհին չունի շամախեցի կնոջ գեղեցկությունն ու դեմքի զմայլելի գույնը և ոչ ղարաբաղցի կնոջ կայտառաթյունը, նա նուրբ է գրեթե առաջինին հավասար և երկրորդից ավելի։

Պոլսուհին գիտե հագնվել։ Նա բավական ծանոթ է գույների ներդաշնակության օրենքին, գոնե այնչափ, որչափ ռուսահայ հարուստ դասի տիկինները, որոնք ամեն տարի գնում էին (ավա՜ղ, «էին») Փարիզ իրանց ճաշակը կրթելու համար։ Պոլսուհին գիտե և սիգանքով ճեմել, և սեթևեթ ժպտալ, և սիրակեզ հառաչել ու բանաստեղծորեն տխրել, ինչպես վարսավոր ուռենի։ Նա գիտե նաև չափավոր գործածել անգույն ու անուշահոտ յուղերը, նույնիսկ նազելի շարժել հովհարը և նազելի բռնել լոռնետը։

***

Պոլսուհին բանաստեղծության սիրահարն է։ Սիրահար թե՛ կարդալու և թե՛ գրելու, թերևս ավելի գրելու, քան կարդալու։

Չկա ընտանիք, որի սալոնում չտեսնեք մի քանի փառակազմ հատորներ։ Եվ ոչ մի սալոնի սեղան, որի վրա չլինի ոտանավորներով լեցուն ալբոմ, երբեմն մեկից ավելի։

Ալբոմը, իհարկե, մի անմեղ զբոսանք է։ Նա հիշեցնում է ռոմանտիզմի դարը։ Մի զբոսանք, սակայն, որ բավական սուղ նստեց իմ ժամանակին։ Հարկավ, ես անկեղծ հաճույքով էի ընդունում ինձ առաջարկված ալբոմները և գրում, ինչ որ կարող էի գրել։ Բայց ամեն հաճույք ունի իր լեղին, երբ չափից ավելի ես ճաշակում։ Շատ անգամ տատանվում էի ինչ գրել, որովհետև չգիտեի ում համար եմ գրում։ Ամեն անգամ սարսափում էի, երբ պանդոկ վերադառնալով գրասեղանիս վրա