տեսնում էի մի նոր բլուր ալբոմների, որոնց տերերին ոչ ճանաչում էի և ոչ տեսել էի։
Մի անգամ մի տիկնոջ ալբոմում պիտի պատասխանեի երեք հարցերի․ «Ի՞նչ եք սիրում, ի՞նչ եք ատում, ինչի՞ց եք վախենում»։
Աղջիկս անմիջապես գրիչ վերցրեց և երրորդ հարցի դեմ գրեց՝
— Ալբոմից։
Այո, պոլսուհին ռոմանտիկ է և մի փոքր սանտիմենտալ։ Ռեալիզմը տակավին արմատներ չի ձգել նրա հոգու մեջ, և այս նրա արժանավորությունն է։ Գուցե չսխալվեմ, եթե ասեմ, որ այժմ էլ նրա կատարելատիպը տիկին Սիպլն է։ Արդարև, մի եզակի կին, տաղանդավոր գրող լինելուց զատ, մի երազող էակ, որի հետ կարող էի ժամերով խոսել ու վիճաբանել և դարձյալ վշտանալ, որ շուտ բաժանվեցինք։ Գոնե ես այդ տպավորությունն ստացա Գընալը կղզում հազիվ մի ժամ հետը զրուցելուց հետո։ Այն էլ նշանավոր վիպասանի կյանքի դառը պահին, երբ նա իր անբուժելի հիվանդ ամուսնուն, Հրանտ Ասատուրին, նոր ճամփել էր ազգային հիվանդանոց․․.
Ընդհանրապես, պոլսուհին վարպետ է ոչ միայն խոսելում, այլև․ գրելում։ Ինչ ուզում եք ասացեք, բայց ռուսահայերը չունին ոչ Տյուսաբ, ոչ Սիպիլ և ոչ Զապել Եսայան։ Կա, այո, մի փայլուն Մարիետա Շահինյան, որի հավասարը չունինք հայ գեղեցիկ սեռի մեջ, բայց նա պատկանում է հայ անվան հռչակին և ոչ հայ գրականությանը։ Եվ թող ռուսահայ բանաստեղծուհիները չվշտանան, եթե ասեմ, որ Տիկին Անայիսի ոտանավորներն ես ավելի սիրեցի, քան նրանց գործերը։ Եթե ոչ գաղափարի խորության, գոնե ոճի գեղեցկության, հանգերի հարստության և համեմատությունների սիրունության տեսակետից։
Հիշե՞մ արդյոք ուրիշ անուններ։ Տիկին Պահարիի, տիկ․ Զարուհի Գալեմքերյանի, օր, Քալանթարյանի գրիչներն առնական ուժ ունին։
Պոլսուհին բանաստեղծ է նույնիսկ սովորական թղթակցությունների մեջ։ Տիկ. Մարի Սթամբուլյան, տիկ. Անայիս