Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/214

Այս էջը սրբագրված է

էլ Թոտիվ պահպանված են Այա Սոֆիայի կառույցի մեջ։

Ինձ համար բյուզանդական ոճը ճարտարապետության մեջ ավելի հաղթական է, քան գոթականը։ Նա հաճելի, է իր հանճարեղ պայծառությամբ, որովհետև ուրախություն է ներշնչում։ Գոթիկն ինձ գրավում էր իր անհուն ուժով, բայց ճնշում է իր մռայլությամբ։ Այդ բազմաթիվ հսկայական շարիշար սյուները, այդ նեղ ու ձիգ կամարները իրանց մութ խորշերով, այդ մշուշապատ լուսամուտները, այդ կիսախավարն ու խավարը, իրանց երկնային վեհությամբ հանդերձ, սեղմում են իմ սիրտը և տխրությամբ համակում հոգիս։

—Ամեն ինչ վեր, դեպի աստված,— այս է ներսի իրարու գրկախառնված և իրար վեր հրող գոթական կամարների և դրսի սուր նիզակների պես ցցված աշտարակների խորհուրդը։

— Ամեն ինչ պարզ, լուսահեյլ և հեզ,— ասում է բյուզանդական հրաշակերտի կամարն այնքան ընդարձակ, այնքան պայծառ, այնքան ժպտուն իր առատ լույսով և երկնանման տեսքով։

Գոթական տաճարի մեջ ես անջատվում եմ կյանքից և գնում մթության մեջ աստծու հետ մեն-մենակ և դեմուդեմ։ Այնտեղ ես լսում եմ մահվան երդը և, ճշմարիտ է, հաշտվում եմ նրա հետ, բայց ցավում եմ, որ կյանքը, դուրսը մնալով, ինձ ձգել է խավարի գիրկը։

Այլ է Այա Սոֆիան։ Նա իմ հոգին չի մռայլեցնում, իմ սիրտը չի ճնշում։ Այնտեղ կյանքն ինձ հետ է։ Նա իմ բարեկամն է և հետևում է ինձ։ Եվ այնտեղից ես դուրս եմ ելնում պայծառ հոգով և ավելի ուրախ ու զվարթ, քան մտնելուց առաջ։

Պատմությունն ասում է, որ Հուստինիանոս առաջինը, որի հրամանով է վերակառուցված Այա Սոֆիան իր այժմյան տեսքով, առաջին անգամ այնտեղ մտնելով, գոչել է․

— Սողոմո՛ն, ես քեզ հաղթեցի։

Այո, նա հաղթել է «Ունայնություն ունայնությանց» իմաստունին։ Նա հաստատել է, որ կյանքը, չնայելով իր դառնություններին է այնուամենայնիվ թանկ է ավելի, քան մահը, նույնիսկ աստծու համար․․․