առասպելներ մահմեդական գերեզմանների մասին։ Այդ ցից տապանաքարերն անշուշտ սարսափ են ներշնչում գիշերները, ինչպես կանգուն ուրվականներ։ Բոլորն ունին մարդկային ձևեր և յուրաքանչյուրն իր գլխնոցը՝ ֆես կամ յազմա, նայելով հանգուցյալի դիրքին և աստիճանին։ Ոմանք ներկված են, մեծ մասամբ կանաչագույն։
Կանգ առանք բլուրի գլխում, Կ. Պոլիսը, այն ներքուստ այլանդակ, աղտոտ քաղաքը, կերպարանափոխվեց, հագնելով իր կախարդական զգեստը։
Բավական է, այդ տեսարանից չի կարելի կշտանալ։ Վերջապես, անոթությունն ավելի զորավոր է, քան գեղեցիկի սերը։ Իսկ մենք անոթի ենք։
Իջանք էյուբ։ Ծերունի թուրք խոհարարը աշխույժ պատանու շարժումներով մեզ համար պատրաստեց տկողինի չափ մանր կտորներից մատի չափ շամփուրների վրա խորոված։ Ես կերա տասնումեկ շամփուր, Թերլեմեզյանը կերավ տասնութ շամփուր։ Ես հալվա չկերա, նա հալվա էլ կերավ։ Ահա տարբերությունը նկարիչի և գրողի միջև։
Ի՜նչ սիրալի են թուրքերը, որքա՜ն քաղաքավարի ու որչափ կիրթ իրանց ձևերի ու վայելուչ իրանց խոսքերի մեջ։ Մարդ ապշում է տեսնելով այն անդունդը, որ կա թուրքի արտաքինի և ներքինի միջև։
Ահա այդ խաբուսիկ արտաքինն է, որ այնպես կաշառում է եվրոպացուն և այնքան նպաստավոր տպավորություն թողնում նրա վրա թուրք «քաղաքակրթության» մասին։ Արևելքի մեջ ամեն ինչ եվրոպացուն թվում է խորհրդավոր և խորիմաստ, նույնչափ ամենաչնչին բաները։ Հաճախ նրա երևակայությունն է ստեղծում իմաստ և խորհուրդ՝ իրերը թանձր գունավորելու մի զարմանալի ցանկությամբ։ Շատ էի լսել Կ. Պոլսի «պարող» և «գոռոզ» գերվիշների մասին։ Ժամանակս ներեց տեսնել միայն պարողներին կամ պտտողներին։
Հետաքրքրվեցի իմանալ՝ կա՞ արդյոք որևէ խորհուրդ այդ տարօրինակ աղանդի մեջ, բայց ահա տեսարանը, որ կրկնվում է շաբաթը հինգ անգամ Կ. Պոլիսի զանազան մասերում։ Բեմը մի ընդարձակ սրահ է հայելու պես ու փայլուն