Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/219

Այս էջը սրբագրված է

այդ բոլորը։ Նայում եմ Բեդեկերի ստրուկ անգլուհիներին և նրանց սերկևիլագույն դեմքերի վրա կարդում եմ նույն տարակուսանքը։

Կ․ ՊՈԼՍԻ ՇՐՋԱԿԱՅՔՈՒՄ

Սկյութարի կռնակի բարձունքներից Կ. Պոլիսը ներկայացնում է մեկն իր կախարդական տեսարաններից։

Շոգենավը Բոսֆորի նեղուցը կտրելիս՝ ճամփորդի ուշադրությունը գրավում է մի փոքրիկ կղզի, վրեն մի տնակ և մի աշտարակ։

«Ղըզ֊Գյուլեսի» է այդ կղզու անունը, թեև եվրոպացիները նրան անվանում են «Լեանդրի աշտարակ»։

Թուրքերը հետևյալ ավանդությունն ունին այդ աշտարակի մասին։

Մի թափառական գնչուհի Սուլթան Մահմեդին գուշակում է, թե նրա աղջիկը Մեհար Շեհիբին մեռնելու է օձի խայթումից։ Սուլթանն իր զավակի կյանքը ապահովելու համար շինել է տալիս Ղըզ-Գյուլեսին Բոսֆորի մեջ և այնտեղ է բնակեցնում նրան ապահով, որ ոչ մի սողուն չի կարող անցնել կղզի։

Մեհար Շեհիբի գեղեցկության համբավը հասնում է պարսկական շահի որդուն, որը առանց տեսնելու սիրահարվում է նրա վրա։ Իբրև իր սիրո ցույց մի օր նա գեղեցկուհուն ուղարկում է մի փունջ։ Ճակատագրի կամքով ծաղիկների մեջ սպրդած է լինում մի թունավոր օձ, որ խայթում է Մեհար Շեհիբին։ Գալիս է շահի որդին և թույնը ծծելով գեղեցկուհու վերքից՝ փրկում է նրա կյանքը։ Երախտագետ սուլթանը շահզադեի անձնվիրությունը վարձատրում է, ամուսնացնելով նրան իր աղջկա հետ։

Կարծում եմ վատ նյութ չէ ժողովրդի ստեղծագործություններից այնքան օգտվող բանաստեղծների համար։

[1]

  1. Այս ավանդությունն ինձ պատմեց մեկն իմ ուղեկիցներից։ Հետո ես ստուգեցի և նույնը գտա Պ․ Գրիգոր Չիլինգարյանի «Ուղևորության ի Կոստանդինոպոլիս» հետաքրքրական գրքույկի և Սերվտաիի «Voyage Orient» ուղեցույցի մեջ, ՇԻՐՎ.։