բնությունը, մարդիկ իրանք ևս քանդել են այդ շքեղ գավիթը տեղ֊տեղ և ինչո՞ւ,— որ նրա քարերով նորոգեն մեծ տաճարը։ Այնինչ Հաղբատի շրջակայքը լիքն է քարի հանքերով։
Այս կործանումից «Համազասպա գավթի» պատերը այժմ կիսով չափ խախտվել են, առաստաղը նույնպես, ուստի անձրևի ժամանակ ջուրը, թափանցելով ներս, լիճ է կազմում այնտեղ։
Թե իսկապես ինչ բանի է ծառայել այս գավիթը, հայտնի չէ։ Ոմանք ասում են, թե նա հասարակ ժամատուն է եղել, իսկ շատերը պնդում են, թե նա եղել է մեր թագավորների և իշխանների ատյանը, խորհրդատեղին։ Արդարև, չնայելով իր կրած ավերմունքներին, նա այնքան շքեղ, ընդարձակ, գեղեցիկ մի շինվածք է, որ կարող է պատիվ բերել և մեր ժամանակի որևէ փարթամ պալատին։
Մեզ վրա «Համազասպա գավիթը» Հաղբատի բոլոր հնություններից ավելի խոր տպավորություն գործեց իր ճարտարապետությամբ։
Այս հրաշալի շինությունը տեսնելուց հետո մի առանձին տպավորություն չի թողնում ո՛չ Հովհաննես արքեպիսկոպոսի շինած «Գրատունը», ո՛չ «Վարժարանը», որ այժմ կոչվում է Ձիթահանք, ո՛չ մյուս գավիթները և ոչ բարձր Զանգակատունը, թեև սրանցից յուրաքանչյուրը իր հնությամբ նույնբան պատկառելի է, որքան և մյուսները։ Եվ ինչպե՞ս կարող է լավ տպավորություն թողնել այն անասելի կեղտոտությաննը, որի մեջ պահվում են այդ պատկառելի հնությունները։ Գրատունը դարձել է մառան և նախկին ձեռագրերի փոխարեն նա այժմ լցված է գինու կարասներով, ոչխարի մորթիներով, տավարի կաշիներով․ հինգ մագաղաթների խոնավության հոտի փոխարեն՝ այստեղ տիրում է անախորժ գարշահոտություն։ Զանգակատունը դարձել է աղավնիների բուն, որոնց աղբը դիզվել է երկու թզաչափ։ Իսկ Վարժարանը այժմ ծառայում է իբր ախոռատուն և շտեմարան դարմանի, ցորենի, գարիի և այլն։ Եվ դա կրթության այն տաճարն է, որ տասներորդ դարից մինչև տասնուչորսերորդ դարը ամենածաղկյալ դրության մեջ է եղել, ուր կրթվել են Գուգարքի