Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/223

Այս էջը սրբագրված է

***

Մի ամբողջ քաղաք է Անդրեա֊Դորիայի ոլովայնը։ Այնտեղ հազար ու վեց հարյուր մարդ է բնակվում՝ պատրաստ ամեն վայրկյան ծառայելու մահու Աստծուն։ Ոչ մի կին, ոչ մի երեխա, ոչ մի ծերունի։ Թույլերն այնտեղ գործ չունին։ Ամեն ինչ նախատեսնված է այդ ահագին բազմության համար։ Այնտեղ կան ամեն տեսակի արհեստանոցներ։ Այնտեղ չկա միայն դագաղի գործարան, վասնզի ծովագնացները, միայն մի դագաղ ունին և մի գերեզման-Ծովը։ Բայց այնտեղ կան հիվանդանոց, դեղատուն, գրադարան, տպարան, թատերական բեմ, սալոններ, դաշնամուր, և այլն և այլն։ Այս բոլորը ջրի տակ է. Անդրեա֊Դորիան միայն կրծքից վեր է ջրի երեսին։ Նրա ահռելի մեծությունը աչքով չափելու համար պետք է ներս մտնել։ Պետք է անցնել անթիվ անցքեր, որ այդ ծովային քաղաքի փողոցներն են։ Դա մի ամբողջ ճամփորդություն է Լաբիրինթոսի մեջ։ Մի ճամփորդություն, որ առանց ուղեցույցի անհնարին է կատարել։

Ջրից վեր միայն այս մասերն են, որոնց պաշտոնն է մահ սփռել չորս կողմ։ Վարը՝ կյանքը, վերը՝ մահ։ Տեսնում եք հեռվից այն կլոր ծակերը, որ զարդարում են տիտանի կղզերը։ Նրանց մեջ են տեղավորված մահվան գործիքները։ Յուրաքանչյուր ծակից նայում է մի մի հրեշի կոկորդը նավթահորի լայնությամբ։ Խոշորագույն թնդանոթները տեղավորված են տախտակամածի վրա, իրանց զրահների մեջ։ Պողպատյա աշտարակներ են շինված, հատկապես, նրանց սոսկալի բերաններն այս կամ այն կողմ դարձնելու համար։ Սակայն մի մանուկ կարող է պտտեցնել այդ աշտարակները, այնքան ճարտարարվեստը դյուրացրել է նրանց պտույտը։

Մեծ թնդանոթների ռումբերն ունին 10—12 տարեկան մանուկների բարձրություն։ Ավելի քան քառասուն կիլոմետր են թռչում նրանք։ Եվ մաթեմատիկական ճշտությամբ ընկնում են, պայթում այնտեղ, ուր հղել է նրանց՝ մարդու կամքը։

Մի գեհեն է Անդրեա֊Դորիայի մեքենաների բաժինը, սակայն ոչ խավար և ոչ խեղդուկ։ Էլեկտրականությունը նրան