Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/224

Այս էջը սրբագրված է

մատակարարում է և՝ լույս, և՝ օդ։ Մաքրությունն իդեալական է․ պղինձն ու պողպատը փայլում են ոսկու ու արծաթի փայլով։

— Մենք ենք նավի սիրտը,— ասաց մեքենապետը համեստ ժպիտով,— եթե մենք պայթենք, նա կործանված է։

Ահա, մեքենան նավի սիրտն է, իսկ նրա գլուխը հրամանատարն է։ Եվ այդ գլուխն է միայն, որ գործում է կռվի ժամանակ։ Նա է մտածում ամենքի փոխարեն և նա է կարգադրում պողպատյա կամրջի այն բարձունքից, ուր տեղավորված է նրա խցիկը։

Մարդիկ լուռ են ինչպես ուրվականներ, երբ սկսվում է ռմբակոծությունը, լույսերն են խոսում ու բանակցում։ Յուրաքանչյուր լույս իր գույնն ունի և յուրաքանչյուր գույն՝ իր լեզուն ու իր իմաստը։

***

Այո, զարհուրելի է Անդրեա-Դորիան, սակայն անհաղթելի չէ։ «Սարսափ» անունը կրելով, նա ինքն էլ ունի իր սարսափը։ Ահա այն փոքրիկ առարկայից, որի նմանն ունի իր որովայնի մեջ հարյուրավոր։

«Ական» է այդ առարկայի անունը։ Նա նույնպես պողպատյա է և ունի ոչ պակաս բարդ կազմվածք, քան ինքը Անդրեա-Դորիան։ Դժվար է, գրեթե անհնարին է նրա հետ պայքարելը։ Բոլոր միջոցները, որ մինչև այժմ հնարել է գիտությունը, անզոր են այդ փոքրիկ ձկնանման սատանայի դեմ։

Նա միշտ ջրի տակ է, միշտ աննկատելի։ Ոչ ոք չգիտեք թե ո՞րտեղ է նա և ո՞րտեղից պետք է հարձակվի։ Նա մի կույր օձ է, որ միայն նրան է խայթում, ով դիպչում է իրան։

Սոսկալի է նրա հարվածը և անխուսափելիորեն մահաբեր։ Նա ինքը կործանվելով, կործանում է իր թշնամուն։ Թող լինի այդ թշնամին օվկիանոսների սարսափը։ Հաճախ նա ածելիի սրությամբ կիսում է իր զոհին միջից, ինչպես կայծակ։ Այդ դեպքում մի քանի վայրկյանում ծովի հատակ են գնում հազարավոր մարդիկ և տասնյակ միլիոնների հարստություն։