Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/226

Այս էջը սրբագրված է

հերոսուհուն, որ այնպես քարկոծվեր մի քանի լրագրական իմաստակների և մի խումբ փարիսեցիների կողմից։ Կարդացի «Արմենուհի»-ն մի ընդարձակ հասարակական դահլիճում, որի անունը մոռացել եմ։

Խոստովանում եմ, եթե այդ օրը գեթ մի հատիկ պարապ աթոռ նկատեի, պիտի վիրավորվեի։ Ոչ իմ ինքնասիրության համար, քավ լիցի, այլ Արմենուհու համար։ Պետք էր վշտանայի նույնպես, եթե հերոսուհուս հոգեկան տառապանքներն այնպես չհուզեին իր ունկնդիրներին և նրա բուռն բողոքները հայ կնոջ ընտանեկան կիսաստրուկ վիճակի դեմ չարժանանային նրանց հուզմանն ու ծափերին։ Այդ օրը ինձ համար եղավ մի նոր ապացույց, որ հայ կինը, ուր ևս լինի, Թիֆլիսում թե Կ. Պոլսում, պարզապես շատ ու շատ բարձր է հայ տղամարդից։

***

Գնալը կղզում ունեցա մի թեթև անախորժություն։ Մի երեկո այնտեղ դերասանական խումբը ներկայացնում էր «Ավերակների վրա» պիեսը։ Առաջին թե երկրորդ միջնարարին եկավ թուրք ոստիկանությունը և խաղն արգելեց։ Պատճա՞ռը։ Իբր թե պիեսը գրաքննիչից թույլտվություն չունի։

Խումբը բողոքեց, հասարակությունը նույնպես։ Ոչինչ չօգնեց, նույնիսկ շնորհալի դերասան Նշանյանի ահեղ ձայնի որոտները։

Հասարակությունը լուռ ցրվեց, թողնելով տոմսակների վճարը մի ուրիշ ներկայացման համար։

Հետո մի քանի անձինք թուրք ոստիկանության վարմունքն ինձ բացատրեցին այսպես։ Որպես թե մի երկու բարև հայեր նրա ականջին շշնջացած են լինում, թե պիեսի բովանդակությունը հակաթրքական է, թե «Ավերակների վրա» վերնադիրը ուրիշ ոչինչ չէ, թե ոչ Հայաստանի ավերակներ և այլև։ Ոստիկանությունը հավատում է բարի հայերին։ Որքան ճիշտ է այս—չգիտեմ։ Գրում եմ այն, ինչ որ ինձ ասացին։

Բայց բավական է, ժամանակ է հեռանալ Կ․ Պոլսից։ Հոկտեմբերի 29-ին իտալական լավագույն շոգենավերից մեկն Իզմիր է ուղևորվում։