Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/229

Այս էջը սրբագրված է

Առհասարակ սկզբում նեղուցն այն տպավորությունն է անում, որ մարդ դժվարանում է հավատալ, թե դա է երկու ծովերի այն դժոխային կոկորդը, որ այնքան մարդկային կյանքեր է կլանել։ Ափերը բարձր չեն, հազիվ 10—15 ոտնաչափ վեր ծովի մակերևույթից։ Միայն, նեղուցից հեռանալով, նրանք բարձրանում են աստիճանաբար և գոյացնում դարավանդներ ու բլուրներ։ Նեղուցի լայնությունն աչքի չափով մոտ մեկուկես կիլոմետր է։ Ես ավելի նեղ էի երևակայել Դարդանելը և բարձր՝ ուղղահայաց ժայռերի մեջ։

Ծովը տակավին ժպտում է ուրախ։ Չի երևում մարդկային վերջին Մեծ Ոճիրի հետքը։ Կարծես, այդ վճիտ ջրերը չեն, որ ներկվել են կես միլիոն մարդկանց արյունով։ Բնությունը քարե տախտակ է, ժամանակը՝ սպունգ, ինչ որ գրվում է մեկի վրա, մյուսը ջնջում է...

Բայց ահա մի խորտակված գրահակիր։ Նրա ծխնելույզներն են միայն երևում։ Ահա երկրորդը, երրորդը, չորրորդը զանազան դիրքերում։ Մեծ չէ նրանց թիվը, բայց մեծ է եղել․ պիտանիները դուրս են բերվել, մնացել են անպետքները։

— Հելլեսպոնտոս, Լեանդր, Հերո, —լսեցի քովս մի ձայն։

Նայեցի։ Մի երիտասարդ հույն հետը կանգնած ֆրանսուհուն պատմում էր իր ազգի հարուստ անցյալից մի գեղեցիկ էջ։

Ես լսեցի.

— Ահա այստեղից է երիտասարդ Լեանդրն, ամեն գիշեր ափից ափ լողալով, անցել հելլեն գեղեցկուհի Հերոյի հետ գրկախառնվելու համար։ Մի գիշեր նա, փոթորիկի հանդիպելով, ծովն է սուզվել ու խեղդվել։ Հերոն, չկարողանալով տանել իր վիշտը, ձգել է իրեն ծովի մեջ ու նույնպես կործանվել։ Այսպես են սիրել մեր նախնիքները։ Ահա ճիշտ այստեղ է անգլիացի հանճարեղ բանաստեղծ Բայրոնը ափից ափ լողալով անցել։

Ահա, վերջապես, և հռչակավոր Գալիպոլին իր զորանոցների արյունագույն տանիքներով և ճերմակ պատերով։ Ո՞վ կարող է հավատալ, որ այդ փոքրիկ անդորր գյուղաքաղաքը