Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/232

Այս էջը սրբագրված է

յուրաքանչյուր պարզ ու անպաճույճ դարձվածն ուներ իր որոշ իմաստն ու պատկերը։

Հրաժեշտից առաջ նա ինձ ցույց տվեց իր ահագին ամբարանոցի մի քանի մասերը։ Հսկայական սրահները ծայրեիծայր լեցուն էին ապրանքներով, և սակայն նա ասաց.

— Տակավին բավարար քանակությամբ ապրանք չունեմ։ Ես հեգնորեն ժպտացի. եղածը բավական էր ամբողջ Կովկասին մի քանի տարով։

***

Մի քանի այցելություններ և փոխայցելություններ, և ահա նորեն ընտանի ջրջանումն եմ և բնավ օտարություն չեմ զգում։

Հարգելով հայկական ավանդությունը, այցելեցի և թեմական առաջնորդի տեղապահին, որ այդ ժամանակ մի վարդապետ էր, Հովնան Կարապետյան։ Մի շուտ հափշտակվող երիտասարդ, որ շատ էր աշխատում մի որևէ գործ կատարել և սակայն գոհ չէր իր վիճակով։ Թեև երիտասարդության մի մասից պաշտպանված էր, նա համոզված էր, որ առաջնորդի պաշտոնը շատ նեղ է իր համար և կարծում էր, որ Ամերիկայում կարող է ավելի օգտակար լինել։

— Ես հոն ավարտած եմ համալսարան, անգղերեն աղվոր գիտեմ, կապեր ունիմ ամերիկացիներուն հետ, շատ բան կրնամ ընել ազգիս համար,— կրկնում էր նա շարունակ։ Բայց իմ տպավորությունն այլ էր։ Կարծում եմ, լավ կլիներ, որ այդ մարդը թողներ սքեմը։ Հոգևոր առաջնորդի պաշտոնը բնավ չէր համապատասխանում նրա աշխարհամոլ խառնվածքին...

Հայ ընտանիքի հետ ծանոթանալու դյուրությունն ինձ տրվեց Ազնավորյանների տունն, ուր հաճախ հրավիրվում էի։ Այդտեղ, ի միջի այլոց, ծանոթացա պարոն Գրիգոր Չիլինգարյանի հետ, որ հայտնի է իբրև Վիկտոր Հյուգոյի տաղանդավոր և վաստակավոր թարգմանիչ։ Չնայելով իր ավելի քան ութսունամյա հասակին, համակրելի ծերունին տակավին