Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/234

Այս էջը սրբագրված է

Նա գիտեր Ալֆրեդ դը Մլուսեի թախծալի ոտանավորներն արտասանել հուզիչ զգացումով։ Նա վիշտ ուներ։ Մի ինչ-որ իտալական սպա, իբր թե կոմս, խաբելով անմեղ կույսին, գրավել էր նրա ջերմ սերը և հետը ամուսնացել։ Հետո կողոպտել էր նրա գոհարեղենը ու փախել։

Ավա՜ղ, ես չնկատեցի, որ այդ տխուր օրինակը խրատական լիներ ուրիշների համար։

Հայ մայրերն են, որ վերջին տարիները ամենուրեք, ինչպես և Կովկասում, իրենց աղջիկներին մղում են օտարների գիրկը։

— Իմ փեսան անգլիացի է, իմ փեսան ամերիկացի է, իտալացի է, ֆրանսիացի է,— ասում են նրանք մի առանձին հպարտությամբ։

Եվ հայրերը բաժանում են մայրերի հրճվանքը.

ՀԱՅ-ՀՈԻՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ինձ համար վերին աստիճանի հետաքրքրական էր գիտենալ ինչպես են վերաբերվում իրար հետ հույներն ու հայերը փոխադարձաբար։

— Գո՞հ եք հույն կառավարությունից,— հարցնում էի ես բոլոր դասակարգերի հայերին։

— Անպայման գոհ ու երջանիկ,— պատասխանում էին ամենքն անխտիր։

Սակայն կային առանձին անհատներ, որ անգիտակցբար պղտորում էին ջուրը։ Բանն այն է, որ հելլեն բարձր կոմիսարությունը գրավել էր մի քանի հայ հարուստների տներ։ Այդ մարդիկ, մոռանալով մոտիկ անցյալի թուրքական բրռնությունները, չէին կարողանում մի քիչ զսպել իրենց բնազդը և տներում ու շուկաներում պարսավում էին հույներին։ Հարկավ բարի մարդիկ չէին զլանում Լուրերը տանել ուր հարկն է և այդպիսով գրգռել երկրի տերերին։

Բայց այդ բոլորը մեծ արժեք չունեին։ Ինձ հարկավոր էր երկու ամենահին քրիստոնյա ազգերի փոխադարձ զգացումների հիմքը դիտել։ Եվ ահա մի օր ես պատեհություն ունեցա այդ դիտելու։