«Զարթոնք» ընկերության թատերասերների խումբը պատրաստվում էր խաղալու «Չար ոգին» պիեսը «ի պատիվ հեղինակի»։ Իզմիրում կան ընդամենը երկու թատերական սրահներ, մեկը քաղաքի ասիական մասում, մյուսը՝ քարափի վրա։ Առաջինը մի անմաքուր քարվանսարա է, իսկ երկրորդը կատարյալ թատրոն՝ իր բոլոր հարմարություններով։ Եվ ահա հույները այս թատրոնը հայ թատերասերներին զիջեցին գրեթե ձրի։ Ներկայացումից մի օր առաջ Հովնան վարդապետն ինձ նախազգուշացրեց, թե հունական մետրոպոլիտ արքեպիսկոպոս Քրիստոսիմտոսը ցանկություն է հայտնել թատրոն գալու։ «Զարթոնք»-ին խնդրեցի սրբազանին տալ մի պատվավոր օթյակ։
Ներկայացման միջնարարներից մեկում ևս իմ բարձրաստիճան հյուրին բեմից ուղղեցի հետևյալ խոսքերը.
— Սրբազան Տեր, առաջին անգամն է, որ հունական օրթոդոքս եկեղեցու մի բարձրաստիճան պաշտոնյա բարեհաճում է ոտք դնել հայ թատրոն։ Այդպիսով դուք հանդիսանում եք գաղափարակից մեր անմահ Խրիմյան Հայրիկին, որ ասում էր. «Թատրոնը երկրորդ եկեղեցի է»։ Ինձ համար մեծ պատիվ է ունենալ հյուր՝ Մեծ Հունաստանի արժանավոր զավակին, այն գեղարվեստապաշտ և գեղարվեստագետ Հունաստանի, որ համամարդկային գրականության, գիտությունների, թատրոնի և արվեստների մեծագույն վարպետներն է տվել մարդկության։ Ձեր Արիստոտելին, Սոկրատին, Պղատոնին, ձեր Ֆիդիասին են աշակերտել բոլոր ազգերի հանճարներն ու տաղանդները։ Մեծ է եղել Հունաստանը մարդկային մտքի ու հոգու արտահայտություններով այն ժամանակ, երբ այժմյան քաղաքակիրթ ազգերի նախահայրերը կիսավայրենի վիճակում էին։ Եվ ես երջանիկ եմ ասելու, որ հայ ազգը մեծ Հունաստանի ամենաընդունակ և ամենաառաջադեմ աշակերտն է եղել։
Սակայն հույն ազգի փառքը միայն անցյալում չէ, այլև ներկայում և մանավանդ ապագայում։ Այսօր այդ ազգը շատ ապացույցներ է տալիս մեզ հավատալու համար, որ հեռու չէ այն ժամանակը, երր նա նորեն պիտի գրավե իր նախկին պատվանդանը ազգերի շարքում։ Ես իբրև կյանքը դիտող մի