Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/236

Այս էջը սրբագրված է

անցորդ, առաջին անգամ գտնվելով մի հունական քաղաքում, տեսնում եմ շատերն այդ ապացույցներից։ Կհիշատակեմ մեկը միայն նրանցից և այդ բավական է. այն իդեալական կարգապահությունը, որ տիրում է այժմ Իզմիրում։ Դեռ երեկ, երբ այս քաղաքը գտնվում Էր անիրավ հափշտակիչների ձեռքում, նրա փողոցները ներկվում էին մարդկային արյունով։ Այսօր այստեղ տիրում է կյանքի, գույքի ու պատվի կատարյալ ապահովություն։ Դա հույն ազգի բարձր քաղաքականության նմուշն է։ Եվ ինչպես չմաղթել, որ նա նորեն տիրանա իր բոլոր հայրենի ժառանգություններին։

Սրբազան Տե՛ր. Իզմիրի հայությունը երախտագետ է հույն ազգին, հույն իշխանությանը և մանավանդ հույն զորքերին, որ իրենց հերոսական հաղթանակներից հետո այսօր, սովորական կյանքում այնքան համեստ են և այնքան սիրալիր, որքան կարող են լինել միայն մեծ ժողովուրղների զորքերը.․.

Հետևյալ օրը Հելլեն բարձր Կոմիսարության Մամուլի Դիվանի և գրաքննության տնօրենից ստացա հետևյալ նամակը հունարեն Լեզվով.

«Մծարգո տեր, երեկ բարեբախտություն ունեցա հանդիսատես լինելու ձեր գեղեցիկ ու տպավորիչ գործի ներկայացումին։ Կկամենայի խորին հարգանքներս հայտնել ձեր հանդեպ և այս առիթով շնորհակալ լինել հելլեն մարդասեր ժողովրդի կողմից ձեր այն բարյացակամ վերաբերմունքի համար, որով արտահայտվեցիք ի նպաստ Հունաստանի։

Հելլեն ազգը կատարելապես իրազեկ է այն մեծ ջանքերին, որոնցով բոլոր հայ վիպագիրները, թատերագիրները, բանաստեղծները աշխատում են ձեր մարտիրոսացած ազգի հայրենի վերածնունդի համար...

Ինչպես Հունաստանի, նույնպես և Հայաստանի թատրոնը մի երկրորդ եկեղեցի էր, որտեղից հավատացյալները, մարտիրոսները և գերիները լույս էին տեսնում և քաջալերվում էին ազատության պայքարի միջոցին։

Կխնդրեմ, մեծարգո տեր, ընդունել իմ արտաքո կարգի հարգանքների և զգացմանց արտահայտությունը։

Միքայել Ռոդաս

17 Նոյեմբերի 1920 Իզմիր