Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/239

Այս էջը սրբագրված է

Նրա համար սրճարանը թե՛ զբոսավայր է, թե՛ շուկա կամ բորսա է, թե՛ մի տեսակ քաղաքական կլուբ։

Նարդին իզմիրցու կիրքն է, նարգիլեն՝ նրա «աղայության» զարդը։ Մեկը խաղում է դերասանի ոգևորությամբ, մյուսը ծխում է կրոնական ջերմեռանդությամբ։ Չկա ավելի հանդիսավոր և միևնույն ժամանակ մի քիչ կոմիկական պատկեր, քան իզմիրցու դեմքը, երբ նա նարգիլե է ծխում, մանավանդ երբ ծխողը հայ է կամ եվրոպացի։ Միևնույն նարգիլեն սրճարանում օրվա ընթացքում ծխում են տասնյակ մարդիկ առանց ախտահանվելու, կամ նույնիսկ մաքրվելու։ Դժվար չէ երևակայել, թե նարգիլեն Արևելքում առհասարակ ինչ դյուրին միջոց է վարակիչ ախտերի տարածման համար։

Հույներն ու հայերը խոսում ու վիճաբանում են չափազանց բարձրաձայն։ Եվ խոսում են ոչ միայն լեզվով, այլև ձեռներով, ոտներով, մարմնի ամբողջ ուժով։ Երբեմն ինքնամոռացության մեջ նրանք այնպես են բռնցքահարում սեղանը, որ սուրճի գավաթներն օդ են թռչում։ Ոգևորությունը հավասար է բոլոր դեպքերում. միևնույնն է՝ խոսակցության նյութը Եվրոպայի քաղաքականությունն է, թե՞ իզմիրի թուզը։

Թուրքերն անհամեմատ ավելի հանգիստ են և ծանրաբարո իրենց սրճարաններում։ Առօրյա ամենահասարակ նյութերի մասին անգամ խոսելիս, նրանց դեմքը սքողված է փիլիսոփայական խորհրդավորությամբ։ Լեզվի դերը նրանց մոտ մեծագույն դեպքերում կատարում են գլխի հպարտ ու հանդարտ շարժումները և դեմքի խաղը։ Դիտելով հեռվից նրանց արտաքինը, դժվար է երևակայել նրանց մտքի ոչնչությունը և հոգու աղքատությունը։ Այս է, որ այնքան խաբում է եվրոպացի ճամփորդներին, որոնք արևելցու յուրաքանչյուր շարժման մեջ իսկ փիլիսոփայություն են տեսնում...

Հրեաները արտաքուստ աչքի են ընկնում իրենց ցեղային հատկություններով, չնայելով, որ Իզմիրում նրանց թիվը երեք անգամ հայերից ավելի է։ Առհասարակ հրեան, ուր որ լինե, ամեն կերպ աշխատում է թաքցնել իր ցեղային անհատականությունը և միշտ հարմարվում է միջավայրին միայն արտաքինով։

Թանձր ծխով տոգորված մթնոլորտ, հրհռոց, քրքիջ,