5
Սուրբ Լույս լեռան գագաթից վաղուց արդեն հեռացել էր արեգակը, երբ մենք դուրս եկանք վանքի շինությունների միջից։ Մենք շտապում էինք ազատվել այն ճնշող տպավորությունից, որ գործում էին մեզ վրա աններելի անհոգության մատնված գեղեցիկ հնությունների քայքայումն և աղտոտությունը։
Մեծ տաճարի հարավային պատի ճակատին մեսրովբյան տառերով փորագրված արևային ժամացույցն արդեն կեսօրն էր ցույց տալիս։ Մենք աշխատեցինք շուտով տեսնելու մնացյալ հնություններն և ուղևորվելու դեպի Սանահին: Բայց հայր Գեղամը մեզ ստիպեց մնալ ճաշի, հայտնելով, որ երեկոյան մեր բախտից վանքի կորած ոչխարները այժմ գտնվել են։
Կես-աշխարհական և կես-հոգևորական Եղիշե Երզնկյանցը, որ պատրաստվում է միաբան ձեռնադրվել և իր ծննդավայրը Հաղբատի հնությունների պահապան դառնալ, առաջնորդեց մեզ դեպի Տերունական լեռան ստորոտը։ Եղանակը պարզ էր, երկնքի հորիզոնը մաքուր, վտիտ, թեթև զովարար զեփյուռը մեղմիկ շոյում էր վանքի կտուրի դալար խոտերը, հայր Գեղամի ֆարաջայի քղանցքը, նախաջրհեղեղյան գունասպառ գլխարկի եզերքը, շրջակա լեռների ծառերի գագաթները և, վերջապես, գյուղական կարճահասակ, ընկճված կազմվածքով քահանայի թանձրաբույս, անթառամ մորուքը վաղաթառամ, նիհար երեսի վրա։
Հյուսիսային կողմի լեռներից անդադար փչող այդ զեփյուռն է, որ նախնի ժամանակներում գրավում էր շատ թագավորներին դեպի Հաղբատ, իբրև դեպի մի զովարար ամառանոց։ Ամառային շոգերից այստեղ են պատսպարվել Աբաս, Սմբատ, Գուրգեն, Դավիթ և Կյուրիկե թագավորները և Խոսրովանուշ, Թամար, Մարիամ, Ռուսուդան և Բավրինա թագուհիները, նույնպես և շատ նշանավոր սեպուհ իշխաններ։ Հաղբատ գյուղը, որ ավելի հին է, քան վանքը, ունեցել է իր անցյալը և փառավոր անցյալը: Միջին դարերում նա այնքան ծաղկած է եղել, որ արևելյան վարդապետներին առիթ