Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/242

Այս էջը սրբագրված է

վայրկյանից թե՛ մայրը և թե՛ աղջիկները դեն էին ձգել իրենց երեսքողերը, և այդպես էլ մնացին մինչև Եգիպտոս։ Միայն տախտակամածի վրա գտնված ժամանակ, երբ հեռվից տեսնում էին մի թուրք կամ արաբ նավաստի, անմիջապես քողով ծածկում էին իրենց բերանները, և անմիջապես չքանում էին նրանց զվարթությունն ու ծիծաղը, ինչպես ծիծեռնակների ծլվլոցը ագռավների երևալուն պես։

— Ի՞նչ է ձեր մոր անունը,— հարցրի ես երեք քույրերից երկրորդին, որն ամենից համարձակն էր։

— Ջհանդաբ։

— Իսկ ձեր ավագ քրոջ անո՞ւնը։

— Լամիյե։ Իմ անունը Նայիլե է, փոքր քրոջս անունը Ֆայիզե, իսկ եղբորս անունը Աբդուլլահ։

— Որտե՞ղ եք դուք սովորել ֆրանսերեն և իտալերեն լեզուները։

— Մեր տանը։

— Ուրեմն մասնավոր դասատուների՞ց։

— Այո։

— Կին է եղել ձեր դասատուն, իհարկե։

— Այո, բայց ինչո՞ւ «իհարկե», կարող էր և տղամարդ լինել։

— Իսկ ես լսել եմ, որ թուրք կնոջը արգելված է տղամարդուց դասեր վերցնել։

— Սխալ է ձեր լսածը գոնե մեր վերաբերմամբ։ Մենք տղամարդուց վախեցողներից չենք, ապացույց, որ ես ձեզ հետ խոսում եմ։

— Բայց ի՞նչու ձեր երեսը քողով ծածկում եք թուրք կամ արաբ տեսնելիս։

— Նրանց գռեհիկ ատելությունը կամ անարգանքը չգռգռելու համար։ Դա մի սովորություն է, որից դեռ չենք ազատվել, և ես հույսով եմ, որ շուտով կազատվենք։ Քրիստոնյա տղամարդկանց վերաբերմամբ, ինչպես տեսնում եք, մենք ավելի համարձակ ենք։

— Ի՞նչով բացատրել այդ։

— Մենք կարծում ենք, որ քրիստոնյան մեր երեսբացությունը