Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/247

Այս էջը սրբագրված է

Մայրն ինչ-որ շշնջաց քովը նստած որդուն։ Պատանին վազեց Լամիյեի հետևից։

Մի փոքր անցած ես ևս ելա տախտակամած։ Լամիյեն վազվզում էր օրիորդների հետ և նույնպես աղաղակում ու ծիծաղում, սակայն ես զգում էի, որ այդ բոլորը նա անում է մեքենաբար և որ նրա ծիծաղն արվեստական է։ Շուտով նա անջատվեց խմբից և հեռացավ դեպի շոգենավի ցռուկը։ Պատանին քայլ առ քայլ հետևում էր նրան։ Ես կարողացա որսալ հարմար վայրկյան և, Նայիլեին մենակ տեսնելով, ասացի.

— Օրի՛որդ, մի մոռանաք ձեր խոստումը։

— Ին՞չ խոստում։

— Լամիյեի մասին։

Նայիլեն մի վայրկյան տատանվեց, հետո մի վճռական շարժումն անելով, արտասանեց.

— Պարո՛ն, Լամիյեի պատմությունը սովորական է։ Նա դժբախտ սիրո մի զոհ է։

— Սիրահարվա՞ծ է։

— Այո, և նրա սիրո առարկան մի քրիստոնյա է։

― Ո՞վ է այդ երջանիկ քրիստոնյան։

— Մեր տնային բժիշկը, մի իտալացի։

— Դուք ասացիք դժբախտ սիրո՞, ուրեմն բժիշկը չի՞ սիրում ձեր քրոջը։

— Ընդհակառակը, նա ավելի է սիրահարված, քան Լամիյեն։

— Գիտե՞ այդ մասին ձեր մայրը։

Այո, պարոն։ Չեք կարող երևակայել այն օրը, երբ նա այդ մասին լսեց Լամիյեի բերնից: Ինձ թվաց, որ խեղճ կինը պիտի մեռնի սրտի պայթյունից։ Նախ նա վագրի պես հարձակվեց Լամիյեի վրա: Հավատացեք, նա կխեղդեր քրոջս, եթե ես ու Ֆայիզեն չզսպեինք նրան։ Օօ՜, պարոն, Լամիյեն քաջ աղջիկ է, մի նայեք նրա թուլությանը։ Նա ասաց. «Անա, սպանիր ինձ, բայց մի զրկիր երջանկությունից, միևնույն է ես առանց իմ սիրեցյալի չեմ կարող ապրել և չեմ ապրի»։ Այն ժամանակ, մայրս սկսեց անիծել նրան, ետո ընկավ թախտի վրա և ամբողջ օրը հեկեկաց։ Մյուս օրը բժիշկն հետ