սովորության եկավ մեր առողջությունը ստուգելու նա գալիս էր շաբաթը երկու անգամ։ Մայրս, առանց երկար բացատրրության, արտաքսեց նրան, ասելով. «Կորիր, պիղծ քրիստոնյա, քո ոտքերն ապականում են իմ տան շեմքը։ Ա՛հ, պարոն, ներեցեք մորս մոլեռանդությունը, չէ՞ որ նա մի տգետ թրքուհի է։
— Այո, բայց ես զարմանում եմ, որ այդ մոլեռանդ մուսուլմանուհին տնային բժիշկ է ընտրել մի քրիստոնյայի։
— Նա ինքը չի ընտրել, այլ հայրս։ Հանգուցյալը մորս չափ մոլեռանդ չէր, բացի այդ, մեր ամբողջ կղզու վրա չկա մահմեդական բժիշկ։ Ավելացրեք և այն, որ բժշկի հայրը իմ հոր ամենաընտիր բարեկամներից մեկն է եղել։
— Այժմ որտեղ է այդ իտալացին։
— Ռոդոսում։
— Եվ Լամիյեն այդ օրից չի՞ տեսնվում նրա հետ։
— Տեսնվել է մի քանի անգամ գաղտնի, իմ օգնությամբ։
— Ուրեմն դուք դեմ չե՞ք, որ ձեր քույրը սիրահարվել է մի քրիստոնյայի վրա։
— Ինչո՞ւ պիտի դեմ լինեմ։ Պարոն, ես դեռ անչափահաս եմ, կյանքին անծանոթ, գուցե տգետ, բայց մի գրքում կարդացել եմ, որ մարդկանց իսկական կրոնը սերն է։ Ես չկարողացա զսպել իմ հիացումը, լսելով մի դեռահաս թրքուհու բերնից այդ խոսքերը, և գոչեցի.
— Օրիո՛րդ, տարիքով գրեթե մանուկ, խելքով այդչափ հասուն, դուք սքանչելի եք։
— Շնորհակալ եմ։ Գիտե՞ք, ես Լամիյեին չէի կարեկցիլ, եթե նա իր ընտրության մեջ սխալված լիներ։ Բժիշկը հազվագյուտ մարդ է և կարող է երջանկացնել իր սիրով յուրաքանչյուր մի կնոջ։ Նա ծեր չէ, տգետ չէ, նա բարի և ազնիվ է։ Ամբողջ կղզին հարգում է նրան ու սիրում։ Եթե կամենում եք իմ կարծիքը գիտենալ, կարող եմ ասել, որ նա շատ ու շատ բարձր է իմ քրոջից։ Եվ ահա երկուսն էլ տանջվում են, և կարող եմ հաստատել, որ բժիշկն ավելի է տանջվում, քան իմ քույրը։ Երևակայեցեք, մեր ընտանիքից դուրս վռնդելու օրից նա վշտից հիվանդացավ։ Այո, երեք ամիս պառկած էր անկողնում։ Ես ամեն օր տանում էի նրան Լամիյեի նամակները։