Մինչև բանալը նա համբուրում էր նամակները ու լալիս էր երեխայի պես։
Ես հարցրի Նայիլեին, ճիշտ է արդյո՞ք, որ նրանք գնում են Եգիպտոս զբոսանքի համար, Նայիլեն հեգնորեն ժպտաց։
― Մայրս ամենքին այդպես է ասում, բայց ի՛նչ զբոսանք։ Նա Լամիյեին տանում է Մսիր՝ այնտեղ թաղելու համար։
— Թաղելո՜ւ,— կրկնեցի ես զարմացած։
— Այո, ես այդ թաղել եմ համարում,— հառաչեց Նայիլեն տխուր։
— Խե՛ղճ Լամիյե։ Մայրս վճռել է Մսիրում նրան ամուսնացնել մի փաշայի հետ, որը շատ հարուստ է և ունի մեծ դիրք Եգիպտոսի սուլթանի մոտ։
— Լամիյեն գի՞տե այդ։
— Իհարկե։
— Նա փաշային տեսել է։
— Այո։ Այս ամառ փաշան Ռոդոսումն էր և մի քանի անգամ եղել է մեր տանը։ Նա Լամիյեին շատ է հավանում և արդեն նրա ձեռը խնդրել է մորիցս։
— Երիտասա՞րդ է, թե՞ ծեր այդ փաշան։
— Հիսուն տարեկան է, իսկ Լամիյեն 19 տարեկան։ Բայց տարիքը դեռ ոչինչ, գլխավորն այն սոսկալի զզվանքն է, որ զգում է Լամիյեն դեպի այդ փաշան։ Ոչ, Լամիյեն երբեք չի համաձայնվի դավաճանել իր սիրուն։ Նա դժբախտ է։
— Երևի Եգիպտոսի փաշան ունի և մի ուրիշ կին, գուցե մի քանիսը։ Նայիլեն բարձրաձայն ծիծաղեց, ցույց տալով իր սքանչելի ատամները։
— Դուք կարծում եք,— ասաց նա,— ամեն մի մուսուլման անպատճառ հարե՞մ պիտի ունենա։ Ո՛չ, մոսյո, այժմ միակնությունը հետզհետե տարածվում է մեր մեջ՝ եվրոպական քաղաքակրթության շնորհիվ։ Փաշան այրի է, բայց խնդիրն այդ չէ։ Լամիյեն չի ուզում և չի կարող նրա կինը դառնալ, չի կարող, չի կարող, չի կարող։ Նա պաշտում է իր սիրեցյալին և պատրաստ է զոհվել նրա սիրո համար։ Նա տանջվում է, ամեն գիշեր պարանոցիս փաթաթվելով, ժամերով լալիս է։ Այս գիշեր ուշադրությամբ ականջ դրեք և կլսեք նրա