հեծկլտանքը։ Մայրս գիտե այդ և վախենում է, որ Լամիյեն ինքնասպանություն գործի։ Նա ինձ և Աբդուլլահին պատվիրել է հսկել Լամիյեին, և ահա մենք հերթով հետևում ենք նրան քայլ առ քայլ։
Այդ պահին մոտեցավ մեզ Լամիյեն իր եղբոր հետ։
— Նայիլե,— ասաց նա թույլ ձայնով,— ես հոգնեցի, գնում եմ կաբին, մայրիկին ասա, որ գնացի քնելու։
— Օրիո՛րդ,— դարձա ես նրան,— ձեր տարիքում ներելի չէ այդպես կանուխ քնելը։
— Ես սիրում եմ անկողնում կարդալ, իսկ քնել ո՞վ գիտե,— արտասանեց նա գլուխը երերելով։
Իմ փափագն էր քանի մի րոպե զբաղեցնել թրքուհուն՝ նրա հոգին մի փոքր ճանաչելու նպատակով։ Դժբախտաբար հեռվից երևաց նրա մոր կերպարանքը, որ դանդաղ քայլերով մոտենում էր մեզ։
Ես կարողացա միայն ասել.
— Օրիորդ, կարդացեք բնությունը, չկա ավելի հետաքրքրական գիրք, քան նա։ Տեսեք ինչ սքանչելի երեկո — այդ լայնածավալ ծովն իր մարգարտյա մակերեսով և այդ նոսր ամպերի մեջ լուսացող լուսինը։
— Այո, սքանչելի երեկո է,— ասաց Լամիյեն հառաչելով։
— Դուք ունեք իրավունք իմ անտարբերությունը պարսավելու։ Բայց, մոսյո, մարդու կյանքում լինում են պահեր, երբ մահը նրան թվում է գեղեցկագույնը գեղեցիկներից։ Բարի գիշեր։ Նայիլե, դու կարող ես մնալ մոսյոյի հետ։
Ասաց Լամիյեն և անլսելի քայլերով ստվերի պես չքացավ կիսախավարի մեջ։ Մայրը հետևեց նրան։
Մոտենում ենք Կիպրոս կղզուն։ Ահա երևացին նրա չոր ու ցամաք ափերը տեղ֊տեղ ճերմակ, տեղ֊տեղ մոխրագույն.
― Այդ ի՞նչ շինություններ են,— հարցնում եմ ես մի հայ վարդապետի, որ գնում էր Կիլիկիա այնտեղ ինչ֊որ դրպրոց բանալու՝ մի մեծահարուստ հայի նվիրած դրամներով։
— Ասում են, Լևոն վեցերորդի շինել տված բերդերն են