Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/253

Այս էջը սրբագրված է

ճամփա է, անցանք գիշերով։ Առավոտյան կանուխ երևաց Տավրոսի լեռնաշղթան իր հեռավոր ձյունապատ լեռներով. դեպի աջ ցցվեցին Լիբանանի լեռները։ Նրանք տարածվում են մինչև Բեյրութ։ Մերսին և Ալեքսանդրետտա—երկուսն էլ հավասար իրավունքով կարող են համարվել Կիլիկիայի ծովային բանալի։ Սակայն կա մի կարևոր տարբերություն նրանց մեջ. իբրև նավահանգիստ Ալեքսանդրետտան ավելի ապահով է իր դիրքով։ Դա մի ծովածոց է, աջ ու ձախ կողմերից բնական պարիսպներով պատսպարված։ Նավերն այնտեղ միանգամայն ապահով են Միջերկրականի փոթորիկներից։

Ալեքսանդրետտա քաղաքը տեղավորված է ցածր լեռների ստորոտների վրա։ Նա շրջապատված է ցորենի, գարիի ու հաճարի արտերով, և դրանք են միայն, որ քիչ թե շատ կենդանություն են տալիս բուսականությունից զուրկ չոր ու ցամաք շրջակայքին։ Ալեքսանդրետտը չի ժպտում ճամփորդին, չի գրավում նրան այնպես, ինչպես Մերսինն իր զմայլելի այգիներով ու ծաղկանոցներով։

Եղանակը ցրտեց։ Ձյունապատ լեռներից փչեց անախորժ հողմ։ Տախտակամածի վրա ոչ ոք չմնաց։ Նույնիսկ սալոնը դատարկ է, ամենքը թաքնվել են իրենց կաբիններում։

Կիպրոսից դեն՝ մինչև Բեյրութ երկիրը ֆրանսիացիներն են գրավել, այնուհետև սկսվում է անգլիական գրավումը մինչև Եգիպտոս։ Մերսինից դեն թուրքերը հետզհետե տեղ են տալիս արաբներին։ Ալեքսանդրետտից մի փոքր հեռու արդեն Սյուրիան է սկսվում։ Որքան ամայի են Միջերկրականի թուրքական ափերը, նույնքան խտաբնակ են արաբական ափերը։ Այստեղ գյուղերն ու ավանները կազմում են Ալեքսանդրետտից մինչև Բեյրութ մի անընդհատ շղթա։ Արաբների տները մեծ մասամբ հողաշեն են, իհարկե, տափակ տանիքներով։ Նրանք փոքր են և հեռվից մրջնաբների տպավորություն են գործում։ Բուսականություն գրեթե բոլորովին չկա թե՛ բնական և թե՛ արհեստական։ Ծովափնյա բնակչությունը բաղկացած է մեծ մասամբ ֆելլահներից, որոնք կատարում են շոգենավերից ափերը և ափերից շոգենավերը ապրանքներ տեղափոխելու տաժանակիր աշխատանքը։

Ես չեմ կարող երևակայել ավելի հարստահարված և ավելի