դաժան աշխատանք կրող մի ժողովուրդ։ Ֆելլահն ստանում է օրական 3—4 պիաստր, նրա սնունդն է եգիպտացորենի հացը։ Աշխատում է նա արեգակի ծագումից սկսած մինչև նրա մայր մտնելը, իսկ ձմեռը մինչև ուշ գիշեր։ Եվ չնայելով այս բոլորին, ֆելլահն ամենաուրախ և ամենա զվարթ մշակն է գուցե ամբողջ երկրագնդի վրա։ Ամենածանր աշխատանքը կատարելիս անգամ նա շարունակ երգում է, ծիծաղում, կատակներ անում։ Հաճախ ֆելլահները նավակների վրա գործի միջոցին, իրարու հետ կռփամարտելով, ընդհանուր քրքիջների տակ ընկնում են ծովի մեջ։ Դա նրանց սովորական զբոսանքն է։ Ջուրն ընկնողներն երբեք չեն բարկանում։ Դուրս գալով ծովից, նրանք անմիջապես դիմում են գործի, և մի քանի րոպե անցած նրանց ողորմելի ցնցոտիները ցամաքում ու չորանում են արեգակի կիզիչ ճառագայթների տակ։
Մանուկ ու պատանի ֆելլահների համար ծովը խաղալիք է և խաղավայր։ Նրանք նավակների հետ անմիջապես շրջապատում են շոգենավերը և շնաձկների ճարպկությամբ լողալով, աղերսալի հայացքով նայում են վարից վեր, սպասելով, որ ճամփորդները ծովը նետեն պղնձյա կամ արծաթյա դրամներ։ Հենց որ դրամը ձգվում է, պատանիները չքանում են, սուզվելով ծովի հատակը։ Րnպե չանցած նրանք ծովի երեսին են։ Նա, որ ամենաճարպիկն է եղել, դուրս է գալիս դրամը իր զարմանալի ճերմակ ատամների մեջ բռնած և երջանկության ժպիտն երեսին։
Գեղեցիկ է արաբների պղնձագույն մարմնի կազմը։ Նրանք մի-մի կենդանի արձաններ են։ Նրանք դյուրաթեք են, ինչպես օձ և ճկուն՝ ինչպես կապիկ։ Նիհար են շատ սակավ բացառությամբ, բայց ոչ պարսիկների պես թույլ ու սակավարյուն։ Նրանց դիմագծերն ունեն քաղաքակիրթ նրբություն, իսկ աչքերի արտահայտությունը զերծ է վայրագությունից։ Շոգենավերի պողպատյա պարանների վրա նրանք մագլցում են կապիկների ճարպկությամբ և վայր սահում մկների արագությամբ։ Իրենց փխրուն նավակների վրա նրանք նույնն են, ինչպես ցամաքի արաբները իրենց կատաղի նժույգների վրա։ Գազազած ալիքների դեմ նրանք կռվում են անսասան