— Համոզված եմ։
Լամիյեն հառաչեց, Նա այլևս ոչինչ չասաց։ Ես անհարմար համարեցի շարունակել նույն ուղղությամբ։ Իմ ջերմ փափագն էր հաշտեցնել կյանքի հետ այդ փխրուն էակին, որի երկրային գոյությունն ինձ երազ էր թվում։ Ես զգացի, որ իմ առաջին փորձն անհաջող անցավ։ Ես նորեն դիմեցի իմ կատակների օգնությանը և կարողացա մի ժամ Լամիյեին մոռանալ տալ իր մաշող վիշտը։
Ներս մտավ այրին և, տեսնելով Լամիյեի ժամանակավոր զվարթությունը, ասաց․
— Այ այդպես է, էֆենդիմ, երբ ուրիշների հետ է խոսում, զվարճանում է, երբ ինձ հետ է, խոսել չի լինում։
Այդ վայրկյանին ես ամբողջ հոգով ատեցի այդ կնոջը։
Բեյրութը Սիրիայի մայրաքաղաքն է և առևտրական կենտրոն։ Բաղդատի երկաթուղու հետ կապված է մի կարճ ճյուղով։ Նա ունի ավելի քան հարյուր հիսուն հազար բնակիչներ, որոնց միայն մի փոքրիկ մասն է քրիստոնյա։
Անձրևային եղանակը մեզ չխանգարեց կառքով երկու երեք ժամ պտտել այդ հետաքրքրական քաղաքը և սքանչանալ նրա գունագեղ տների արաբական ճարտարապետությամբ։ Լավագույն շինությունները ծովափի վրա են և գրեթե բոլորը փողոցից անջատված նարինջի, կիտրոնի, նռենիների պարտեզներով և պատսպարված կակտուսի ցանկապատով։
Տոն օր էր։ Անգործ արաբներն իրենց ճերմակ չալմաներով և լայն ու երկայն զգեստներով զարդարում էին փողոցների անկյուններն ու սրճարանները և օդն աղմկում իրենց կոկորդային բարբառով, որ չի կարելի ասել, թե երաժշտական է։
Այրի թրքուհին ուշադրությունս դարձրել էր արաբների մի սովորության վրա, որ ես ստուգեցի մի ճաշարանում։ Իրարու հանդիպելիս նրանք միմյանց ձեռքը սեղմում են զույգ ձեռքերով։ Եթե բարեկամներ են, մինչև տեսակցության վերջը ձեռքերը չեն բաժանում, իսկ հրաժեշտի պահին յուրաքանչյուրը