թեքվում է և իր աջը համբուրում. դա բարեկամական, սիրո սովորական արտահայտություն է։
Առհասարակ արաբների արտաքին նիստ ու կացը կիրթ է։ Զարմանալի հպարտ ու հանդիսավոր են նրանց քայլվածքն ու շարժումները։ Կարծես, դերասաններ են բեմի վրա։ Հանդիսավարությանը մի տեսակ ցուցադրական շուք են տալիս նրանց գույնզգույն զգեստը և ճերմակ վերարկուն։ Նրանք խոսում են բարձրաձայն, առանց կոպիտ շարժումների։ Հիանալի է արաբ ձիավորն իր ազգային զգեստով, մանավանդ երբ արշավում է անապատում։ Գեղեցիկ նժույգը, զարդարված թամբը և հարուստ արծաթապատ զենքը նրա հպարտություններն են։
Մի հրապարակի վրա տեսա հետևյալ խաղը։ Գետնի վրա շրջանաձև ծալապատիկ նստած էին 10—12 արաբներ՝ ըստ երևույթին բանվոր դասակարգից։ Մեջտեղ ընկած էր բազուկի հաստությամբ մի երկար պարան։ Յուրաքանչյուրը խաղացողներից գետին էր ձգում դեղնագույն փայտի թե մետաղի չորս կտորներ։ Մյուսները նայում էին, թե ինչ ձևով են ընկել կտորները և որշում՝ ձգողը տարա՞վ խաղը, թե՞ ոչ։ Նա, որ տարվում էր, հեզությամբ պարզում էր իր զույգ ձեռքերը հորիզոնաձև և ափերը վեր։ Հակառակորդը վերցնում էր պարանը և իր ամբողջ ուժով զարկում էր նրա ձեռքերին։ Մի անգամ հարվածների թիվը ես համրեցի մինչև վաթսուն։ Թշվառ մարդու ձեռքերը կարմրեցին, հետո կապտեցին ու ուռան։ Նա սկսեց ցավից կծկվել, նրա դեմքը գունատվեց, աղավաղվեց, բայց ժպիտը չհեռացավ երեսից, խումբը հրճվում էր բարձրաձայն ծիծաղելով և զարկողին խրախուսելով։
Բեյրութից մինչև Կայֆա եղանակը հիանալի էր, ծովը հանդարտ։
Լամիյեն առողջացել էր։ Նայիլեն ու Ֆայիզեն թռչկոտում էին իրենց հնչուն ծիծաղով լեցնելով սալոնը։ Հույն օրիորդը շարունակ նվագում էր։ Ամենքն ուրախ տրամադրության մեջ էին։ Մոտենում էինք Եգիպտոսին։
Կայֆայից մինչև Եսֆա ունեցանք փոթորիկ, որ տևեց ամբողջ օրը։ Հետևյալ օրը փոթորիկը դադարեց, երբ մոտեցանք