հանդիսանում։ Լենկ-Թեմուրը իր զորքերը ետ է դարձնում։ Սրբություններն ազատվում են ոտնակոխ լինելուց. մեկի սրտում վրիժառության զգացմունքը ավելի զորավոր է լինում։ Մոնդ անունով դպիրն է լինում դա․ տեսնելով բռնակալի փախուստը, քաջասիրտ դպիրը խրախուսված՝ մի քանի զրահավորված մարդիկ է վերցնում և հետամուտ լինում թշնամուն մինչև Օղի քարափը։ Այստեղ միայն թշնամին նայում է ետ և երբ տեսնում է, որ իրան հետամուտ լինողը մի աննշան խումբ է, հարձակվում է և կոտորում նրան։ Մոնդին դնում են մի վեմի տակ, և այդպես նահատակվում է քաջ դպիրը։ Ահա այդ ահագին վեմն է, որ կոչվում է Մոնդքար, և ձորը, ուր տեղի է ունեցել Լենկ-Թեմուրի փախուստը, անվանվում է Աղթանց կամ Հաղթանց (հաղթության) փոս։ Իրողություն է այս թե առասպել — չգիտեմ։
Եվ ոչ միայն այս՝ ավելի սարսափելի թշվառություններ են անցել Հաղբատի գլխով։ Տասնուերկուերորդ դարից, սկյութացի Խըզիլ անունով ավերող ամիրից սկսած՝ մինչև ռուսների տիրապետությունը, Գուգարքը ավելի քան տասնուհինգ անգամ ենթարկվել է մոնղոլների, պարսիկների, օսմանցիների խոշոր արշավանքներին։
Այդ արշավանքների ժամանակ թշվառության մի մասը, հարկավ, կրել է և Հաղբատը։ Նրա բնակիչներին սրի են քաշել, նվիրական շինությունները ձիերի ախոռատուն են դարձրել, միաբաններին, աննկարագրելի նախատինքներ տալուց հետո, կախ են տվել տաճարի դռների վրա և խեղդամահ արել։ Մի անգամ, այն է՝ 1315 թվականին, ինչպես վկայում է վանքի մի արձանագրություն, այդպիսի մի թշվառություն տեղի է ունեցել Զատկի երեկոյան։ Վարդապետներն ու քահանաները սպանվել են տաճարի մեջ։
Դա մեծ արշավանքների թշվառությունները իսկ լեզգիների, խազերի և այլ լեռնաբնակների արշավանքներ՞ը․․․ սրանք տեղի են ունեցել գրեթե ամեն տարի։ Եվ Գուգարքը այս անընդհատ տվայտանքը կրել է մեծ մասամբ այն պատճառով, որ նրա բնակիչները եղել են քրիստոնյաներ։ Այս է պատճառը, որ Գուգարքը անվանվում է «զոհարան քրիստոնեից»։