Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/260

Այս էջը սրբագրված է

փակ բերաններով, մերկ սրունքներով ու մետաղյա քթնոցներով։ Ա՛հ, այդ քթնոցները, չկարողացա տեսնել, թե արաբուհիների քիթն ինչ ձև ունի։ Սրա փոխարեն հիացա նրանց մարմնի վերին աստիճանի կանոնավոր կազմով և հավասարաչափությամբ։ Եգիպտուհին սռանց բառացության բարձրահասակ է, հաղթանդամ, ֆիզիկապես զորեղ։ Յուրաքանչյուր մի կնոջ մեջ մի Կլեոպատրա ես տեսնում, և թվում է, որ բավական է նրա մի հայացքը և պիտի անմիջապես հափշտակվես ու չոքես նրա առջև։

Զարմանալի ուժ ունեն արաբ բանվորուհու գլուխն ու պարանոցը։ Առանց մազաչափ ընկճվելու, արաբուհին երբեմն իր գլխի վրա տանում է 70—80 կիլոգրամ ծանրություն, միշտ բարձրաձայն խոսելով, ծիծաղելով ու զվարճանալով։

Չհավանեցի ես արաբական լեզուն գոնե այնպես, ինչպես խոսում է նա փողոցներում ու սրճարաններում։ Այդ լեզուն այնպես ռնգային հնչյուններ ունի, որ երբեմն թվում է, թե գորտային կռկռոց ես լսում։ Ըստ երևույթին արաբներն այնքան դանգաղաշարժ ու պղերգ չեն, որքան մյուս արևելցիները։ Գոնե, նայելով նրանց քայլվածքին, խոսելու եղանակին, զգում ես, որ մուսուլման ազգերի մեջ ամենաաշխույժ տարրն արաբն է, և սկսում ես կասկածել մյուս մուսուլմանների ապագայի մասին։

Արաբ տղամարդը նույնչափ պարթև ու առողջ է, որչափ արաբուհին։ Իր երկայն ու լայնաքղանցը զգեստի շնորհիվ նա բնականից ավելի բարձրահասակ է թվում։

Սրճարանները միշտ լեցուն են։ Նարգիլեն այստեղ ևս ունի նույն հարգանքը, ինչ որ Պոլսում և Զմյուռնիայում։ Չգիտեմ որքան ճիշտ է, ինձ ասացին, որ Եգիպտոսի արաբները չունեն միջին բարեկեցության դասակարգ. մեծամասնությունը բաղկացած է ֆելլահներից և առհասարակ չքավոր բանվորներից, իսկ երկրի անշարժ և շարժական հարստությունը մի չնչին փոքրամասնության ձեռքումն է։

— Կկամենայի՞ք արդյոք տեսնել իմ ազգական մեծահարուստ մի արաբի տունը և ծանոթանալ նրա նիստ ու կացին,— դարձավ մեզ մի օր Լամիյեի մայրը, որ ամեն օր իր զավակների հետ գալիս էր մեզ այցելության։