— Ուրախությամբ,— ասացինք ես ու աղջիկս։
Հետևյալ օրը Ռամլեյումն էինք, որ քաղաքի ամենահարուստ արվարձանն է։ Ի՞նչ շքեղ ապարանք։ Մի սքանչելի պարտեզի մեջ մեզ ընդունեցին չորս չափահաս աղջիկներ և մի գեղեցիկ երիտասարդ սաթի պես սև ու պսպղուն աչքերով։ Մեծահարուստ տան տիրոջ զավակներն էին։ Մեզ հրավիրեցին եվրոպական ոճով ու ճաշակով կահավորված մի ընդարձակ սալոն, ուր բացի գորգերից ոչինչ չկար արաբական։ Եվրոպական երևաց և ամբողջ ընտանիքի նիստ ու կացը, սկսած մեծերից մինչև փոքրերը։ Մինչև անգամ մատուցված սուրճը արաբական չէր, այլ ֆրանսիական։ Ամենքը խոսում էին մաքուր ֆրանսերեն և պարզ էր, որ եվրոպական կուլտուրայի յուրացումը մի տեսակ հպարտություն էր իրենց համար։ Հետագայում ես եղա և ուրիշ մի քանի ընտանիքներում։ Միևնույն եվրոպականությունը թե՛ Ալեքսանդրիայում և թե՛ Սահիրեում։ Ինձ ասացին, որ իրենց ազգային ավանդություններն ու նիստ ու կացը պահպանող արաբներն ընդհանրապես խուսափում են քրիստոնյաների ծանոթությունից և հազվագյուտ դեպքերում են նրանց ընդունում իրենց ընտանիքները։
Հրավիրվեցի մի հայկական հասարակական երեկույթի, որ կազմակերպված էր գաղթական որբերի օգտին։ Գնացի իմ վաղեմի բարեկամ ռուսահայ Հովհաննես Մութաֆյանի հետ։ Ընդարձակ սրահը լեցուն էր բազմությամբ։ Բեմ ելավ մի պարոն և ասաց, թեև ինքը «զբաղված է շատ կարևոր գործերով», բայց որովհետև շատ է «սիրում ազգը», հանձն է առել երեկույթը նախագահել։
— Ո՞վ է այդ մարդը,—, հարցրի ես ուղեկցիս։
— Մի հարստացած դաշնակցական։
— Ինչպե՞ս է հարստացել։
— Իբր փաստաբանությամբ։
Սկսեց նախագահն իր ճառը սոսկալի հայհոյանքներով եվրոպական պետությունների հասցեին։ Նա ասաց, աղաղակելով, թե եվրոպան հիմար է, որ խնայում է թուրքերին և բնաջինջ չի անում նրանց։ Աուդիտորիան ծափահարեց հռետորին, և նա հուզված ու քրտնած նստեց նախագահական