Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/262

Այս էջը սրբագրված է

բազկաթոռի վրա, ձգելով մեր օթյակի կողմը մի հաղթական հայացք։

Երկրորդը մի հռետոր ռամկավար էր։ Նա խոսեց ավելի հանգիստ ու համեստ։ Նրան էլ ծափահարեցին։ Երեկույթը վերջացավ նվագածությամբ և երգեցողությամբ։ Ինձ համար հետաքրքրական էր դիտել սրահի հասարակությունը և տեսնել, թե որքան հայը ընդունակ է յուրացնելու եվրոպական նիստն ու կացը։ Չէ՞ որ այդ բազմությունը բաղկացած էր Փոքր Ասիայի և Կիլիկիայի գյուղացի գաղթականներից։ Նրա արտաքինը վաղուց արդեն եվրոպական է, բայց հոգին տակավին դեգերում է մայր հայրենիքում և այդ երևում է նրա դեմքի արտահայտությունից ու երկարատև հառաչանքներից։ Տխուր ու մտազբաղ լրջությամբ նա լսում է յուրաքանչյուր հռետորի և յուրաքանչյուր մի երգ և բոլորին ծափահարում, և ով ավելի բարձր է բարբառում, նա է գրավում ամենաջերմ ծափահարությունները...

Եգիպտահայը եռանդուն է, աշխատասեր, լրջմիտ, ինչպես ամենուրեք բոլոր գաղթական թրքահայերը։ Ինձ թվում է, որ աշխարհի երեսին ոչ մի ցեղ այնքան ընդունակ չէ արագ կարգավորելու իր նյութական վիճակը օտար երկնքի տակ, որքան հայը։ Այս է պատճառը, որ նա գաղթելուց չի վախենում և իր բնակավայրից հեռանում է ոչ առանձին դժվարությամբ։

Իմ այցելության ժամանակ, այն է 1920 թվականին, եգիպտահայությունը բաղկացած էր ոչ ավելի քան 20 000 հոգուց։ Այժմ, Կիլիկիան պարտվելուց հետո, այդ թիվը հասնում է մինչև 40 000֊ի։ Զբաղվում են նրանք գլխավորապես վաճառականությամբ, կային և բազմաթիվ արհեստավորներ։ Իմ ժամանակ բանվորների թիվը շատ փոքր էր, հավանական է, որ ներկայումս նրանք կազմում են գաղութի մեծամասնությունը։

Հայերի վաճառականության գլխավոր առարկաներն են ծխախոտն ու բամբակը։ Եգիպտոսի ծխախոտի արդյունաբերությունը երեք քառորդով հայերի ձեռքումն է, իսկ բամբակի արդյունաբերության մեջ նրանք տակավին զիջում են արաբներին, հույներին և հրեաներին։