Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/263

Այս էջը սրբագրված է

Մտավորապես եգիպտահայը առաջադիմում է այնչափ, որ չափ հանգամանքները թույլ են տալիս։ Հայրենիքից բերած նրա բարոյական պատկերը գուցե մնար անաղարտ, եթե գաղութը պառակտված չլիներ կուսակցություններով։ Դաշնակցական, հնչական, ռամկավար, իրարու հետ մրցելով, բավականաչափ ապականել են եգիպտահայի բարոյականը։ Թեև իմ ժամանակ այդ մրցումը այնքան կատաղի չէր, որքան այժմ, բայց և այնպես ամեն կերպ աղճատում էին հայի հոգին։ Հրատարակվում էին երկու լրագիրներ, մեկը Կահիրեում «Հուսաբեր» անունով, դաշնակցական ուղղությամբ, մյուսը՝ Ալեքսանդրիայում «Արև» անունով, ռամկավար ուղղությամբ։ Եվ երկու խմբակների մրցումը երբեմն հասնում էր մինչև փողոցային բռունցքահարության։

Ալեքսանդրիայից մինչև Սահիրե հինգ ժամվա ճամփա է, գեղեցիկ արգավանդ դաշտերով, որոնք ոռոգվում են Նեղոսի վարարման ժամանակ։ Ի՜նչ սիրուն է անապատի այս լայնածավալ օազիսն իր մեղմ բուսականությամբ, դալարազարդ դաշտերով, մանավանդ իր բարձրագագաթ արմավենիներով։

Կահիրեի առաջնակարգ պանդոկներից մեկում մեզ համար պահված էին երկու լուսառատ և ընդարձակ սենյակներ։

Մի քանի պարտավորական այցերից և փոխայցերից հետո շտապեցինք դեպի հռչակավոր բուրգերն ու սֆինքսը։ Մեզ ուղեկցում էր մի համակրելի երիտասարդ, որի անունը դժբախտաբար մոռացել եմ։ Իմ տրամադրությունն առաջին այցիս մի փոքր հեղաշրջվեց։ Ես ավելի էի սպասում բուրգերի տպավորությունից, քան ստացա և գուցե ավելի ստանայի, եթե միտքս չթունավորվեր մի պատմական ճշմարտությամբ, այն է, որ միայն Ռամզես երկրորդի բուրգի վրա տասնյակ տարիներ տաժանակիր աշխատանք են կրել 100 000 մարդ, որոնցից 30 000-ը զոհՀել են մեծ փարավոնի իշխանական քմահաճույքին։ Հետևանքը 138 մետր բարձրությամբ մի հոյակապ կոթող՝ թեև սքանչելի իր վեհությամբ ու գեղեցկությամբ, բայց ողբերգական իր ճակատագրով։ Սֆինքսը։ Դժվար է բառերով արտահայտել նրա շքեղությունը։ Միայն ավա՜ղ, նրա երեսի մի մասը ջարդված է, և արաբ պատմաբանները պնդում