Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/264

Այս էջը սրբագրված է

են, որ այդ վանդալիզմը կատարել է մեծն Նապոլեոնի մի ռումբ։ Այցելեցինք և մի ստորերկրյա պալատ, որի հարստությունը կողոպտել են անգլիացիները, ինչպես և կողոպտել են ամբողջ Եգիպտոսը։ Բացի Ռամզեսի բուրգից, կան և ուրիշ երկու բուրգեր, իսկ այնտեղ հեռու անապատի վրա երևում են երեք ուրիշ բուրգերի գագաթները։ Արաբ առաջնորդները մեզ առաջարկեցին մտնել Ռամզեսի բուրգի ներսը։ Բայց Ջհանդաբ խանումը ինձ զգուշացրել էր չանել այդ բանը։ Նա ասում էր, որ ինքը մի քանի անգամ փորձել էր մտնել և կես ճամփից դուրս էին բերել նրա անշնչացած մարմինը, այնքան օդը հեղձուցիչ է այնտեղ։

Զարմանալի համառ և ձանձրալի են արաբ ուղտապաններն ու իշապանները երբ, որոնք ծառայում են տուրիստներին։ Անհնարին է ազատվել նրանց անվերջ թախանձանքից՝ անպատճառ հեծյալ բարձրանալ դեպի բուրգերի ստորոտը։ Եթե չես ուզում ուղտ կամ էշ հեծնել, ստիպված ես գլուխդ ազատելու համար մի բան գնել, իսկ այդ բանն ուրիշ ոչինչ է, եթե ոչ որևէ քարի մի կտոր։ Նույնչափ ձանձրալի են և լուսանկարիչները այն տարբերությամբ, որ նրանց վերաբերմամբ չեն պատմվում այնպիսի կեղտոտ բաներ, ինչ որ պատմվում են ուղտապանների և իշապանների մասին։ Սակայն այդ մասին թող խոսեն այլասերված անգլիացի լորդերն ու լեդիները..․

Արաբ անցյալի կոթողները Կահիրեի մզկիթներն են։ Ի՜նչ ճարտարապետական հրաշալիքներ և ի՜նչ նրբություն ճաշակի։ Հետաքրքրականը սակայն այն է, որ այդ մզկիթները շինվել են ոչ արաբների, այլ քրիստոնյա ճարտարապետների, այն է՝ ղպտիների ձեռքով։ Առհասարակ արաբ արվեստները շատ բան են պարտական այդ ցեղին։ Պատմությունն ասում է, երբ Մահամմեդը, Մեկկա վերադառնալով, կամեցավ Գայջեների աղոթարանի տեղ իր առաջին մզկիթը կառուցանել, չգտավ ոչ ճարտարապետ, ոչ արհեստավորներ և ոչ շինության նյութեր։ Բախտի բերմամբ այդ միջոցին Կարմիր ծովով անցնելիս է լինում մի նավ՝ բեռնավորված մի ինչ-որ ավերված քրիատոնյա տաճարի նյութերով։ Նավի վրա լինում է մի ղպտի ճարտարապետ։ Մահամմեդը հրամայում է բռնել