Այցելեցինք Հելիոպոլիսը։ Դա մի նորաշեն գեղեցիկ քաղաք է Կահիրեից 25 կիլոմետր հեռու։ Այդ քաղաքը շինել է մի եվրոպական ընկերություն։ Պողոս Նուբար փաշայի խոշոր մասնակցությամբ։ Բաղկացած է նա արաբական ճաշակի վիլլաներից։ Կա տուրիստների համար շինված մի հյուրանոց, որ իր մեծությամբ և շքեղությամբ համաշխարհային համբավ է վայելում։ Վերադարձանք Կահիրե ուշ երեկո, և ես պատեհություն ունեցա վայելելու անապատի իրիկնաին գեղեցկությունը։ Բյուրավոր արմավենիների սև սիլուետները փիրուզայի պես կապույտ երկնքի վրա գծվել էին որպես եթերային ուրվականներ։ Արեգակի վերջին շողերը արյան չափ թանձր կարմիր էին։ Զեփյուռը շոշափում էր արմավենիների պսակաձև գագաթները և մթնոլորտը լցնում մեղմ երաժշտական սոսափյունով։ Ոչ մի տեղ արևը մայր մտնելիս երկիր ու երկինք այնքան բազմերանգ չի զգեստավորում, որքան այդտեղ։ Տեսարանը այնքան զմայլելի է, որ մարդ խորին ցավակցությամբ է բաժանվում նրանից։ Բնությունը, ցերեկը անապատը մերկացնելով, գիշերը զարդարում է նրան իր ամբողջ շռայլությամբ։ Եվ այսպես, մարդը ոչ մի տեղ զրկված չէ նրա սքանչելի ժպիտից։
— Մի՛ կործանեք ձեր զավակին,— ասացի ես մի օր Ջհանդաբ խանումին, խորապես ազդված Լամիյեի օր-օրի վրա ավելի ու ավելի մռայլվող տրամադրությունից։
— Ի՞նչ եք ուզում ասել,— գոչեց այրին զգացված։
— Ա՛յն, որ դուք զուր եք աշխատում ձեր աղջկա մեջ սպանել ամենազոր սիրո զգացումը։ Նա սիրում է մի քրիստոնյայի, թողեք սիրե, մի բռնաբարեք բնության օրենքի։
— Այդ ո՞վ ասաց ձեզ. մի՞թե ինքը Լամիյեն։
— Քավ լիցի։ Լամիյեն երբեք ինձ հետ չի խոսել իր սիրո մասին։
— Ուրեմն, Նայիլեն է պատմել։
— Այո՛։
— Ես իմ աղջկա բախտավորությունն եմ ցանկանում։
— Նրա բախտավորությունը հենց այդ սիրո մեջ է, իսկ դուք նրան դիմագրում եք։