Գոհ Էի նրանով իսկ, որ կարողանում Էի ընթացիկ ծախքերս ծածկել, շնորհիվ թատերասերների, որոնք մի քանի անգամ խաղացին իմ պիեսները Ալեքսանդրի աչում և Կահիրեում, միևնույն ժամանակ առիթ տալով ինձ շփվել եգիպտահայ գաղութի հետ։
Եվրոպական արվարձաններն ինձ չէին հետաքրքրում։ Սիրում էի դեգերել երկու քաղաքների արևելյան մասերում։ Այդտեղ ժամերով դիտում էի արաբ մանկանց աշխույժ վազքը նեղ ու կեղտոտ փողոցներում, լսել դերվիշների երգը սրճարանների առջև, հիանալ նրանց խրոխտ ու ազդու ձայնով։ Որքան շատ էին այդտեղ մուրացկանները, որոնց ցնցոտիների հակապատկերն էին ներկայացնում աջ ու ձախ սլացող օթոմոբիլներն ու կառքերը։ Գրեթե ամեն օր հանդիպում էի մահվան հուղարկավորության, լսում էի վարձկան կանանց արվեստական հեկեկանքները, տեսնում էի նրանց կապույտ ներկված երեսներն ու կրծքերը, որոնք իբր թե կապտել էին ձեռների հարվածներից։ Այս ու այնտեղ երիտասարդ կանայք՝ ծալապատիկ նստած իրենց սուր ատամներով ծամում էին շաքարի եղեգը և միշտ բարձրաձայն քրքջում։ Եվ դրանց կից տեսնում էի եվրոպական շիքով հագնված բեյերին, որ այնքան սիրում էին ծամոն ծամել և խոսել անգլերեն ու ֆրանսերեն։
Պատմում էին, որ մի քանի ամիս առաջ եվրոպացին չէր կարող երևալ մուսուլմանների արվարձաններում, որ երևացողին հալածում էին քարերով և երբեմն սպանում էին։ Այժմ այդ թշնամությունը սանձահարվել էր, այժմ, երբ անգլիացիները երկրի խորքերում, հետաքրքրվող աչքերից հեռու, գնդացիրներով կոտորել էին մոտ տասը հազար մարդ։ Սակայն ըմբոստությունը տակավին շարունակվում էր միայն խաղաղ ցույցերով։ Ամեն ուրբաթ օր իրենց կրոնական ծեսերը կատարելուց հետո արաբները խմբովին դուրս էին գալիս մզկիթներից և անցնում էին եվրոպական արվարձանները, երգելով իրենց հայրենասիրական երգերը։ Նրանց առաջնորդում էին հոգևորականները։ Այդ օրերը անգլիացիները գլխավոր փողոցների անկյուններում դնում էին իրենց գնդացիրները։ Բավական էր խաղաղ ցույցը փոխվեր