Վկա է սրան ամեն մի ձոր, ամեն մի այր, ամեն մի բլուր և ամեն մի փոքրիկ գյուղ, արդարների արյան հոսվելուն քրիստոնեության համար, և այսօր այդ բոլորը անխոս բողոքում են իրենց անթիվ ավերակների բերանով։ Բայց ի՞նչ բողոք կարող է ավելի ազդու և ավելի կենդանի լինել, քան այն խայտառակ անունը, որ կրում է Գուգարքի գյուղերից մինը — «Ճվճվան»։
Դեռ անցյալ դարի վերջն էր, երբ լեզգիները, աջ ու ձախ կոտորելով, հասնում են այս փոքրիկ գյուղն և սկսում են սրի քաշել նրա քրիստոնյա բնակիչներին. գերի տարվող կանայք ու երեխաները սկսում են գոռալ, ճչալ, ճվճվալ, և այդ օրից գյուղը ստանում է «Ճվճվան» անունը։
Երբ առաջին անգամ լսեցի այս անունը, երբ իմացա նրա ծագման տխուր պատճառը, ցավակցություն չէր այն, որ զգացի, այլ, խոստովանում եմ, մի տեսակ վիրավորանք։ Ինչ ողորմելի ազգ ենք եղել, որ անցյալը մեզ համար այդպիսի ամոթալի անուններ է թողել։
Ինձ թվում է, որ մեր ազգի պատմության հետ ծանոթանալը շատերի համար ձանձրալի է հենց այն պատճառով, որ նա լեցուն է տխուր նկարագրություններով։
Արդյոք այդ տխուր նկարագրությունները պակաս չէին լինիլ, մեր պատմության շատ էջեր ոգևորիչ տողերով չէին զարդարվիլ, եթե պատմագրողները պեսիմիստ հոգևորականներ չլինեին, որոնք միշտ տրամադրված էին հառաչել ու ողբալ...
Այսպես թե այնպես, այս բոլոր պատմական տխուր հիշողությունների ծանրության ներքո մեր առջև տարածված ներկա Հաղբատը չէր կարող մի ուրախալի տպավորություն գործել մեզ վրա։ Ամեն տեղ ներկայի մարդկանց զազրելի անհոգությունը, այն մարդկանց, որոնց խնամքին են հանձնված մեր անցյալի մնացորդները։ Ահա դարավոր գերեզմանների քարերը և գեղեցիկ քանդակագործված խաչերը դեսուդեն ձգված, կոտրատված, անասունների աղբի մեջ թաղված. ահա պատմական աղբյուրի կամարազարդ պատերը քայքայված, աղտոտված, ավազանը գարշահոտ ցեխով և աղտեղություններով լեցված։