Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/270

Այս էջը սրբագրված է

Իտալական շոգենավի վրա, կարողանում է գոչել․ «Կորչի Անգլիան», իսկ վարի բազմությունը, թեև համաձայն է այդ գոչյուններին, բայց վախենում է ձայնակցել։

Շոգենավը հանդարտիկ շարժվեց, սկսեց հեռանալ նավահանգստից։

— Բարի ճամփա, բարի ճամփա,— լսեցի հեռվից ողջերթի եկած հայերի ձայները։ Եվ նրանց ճերմակ թաշկինակները հետզհետե փոքրանալով, չքացան օդի մեջ։

— Մնաս բարով փարավոնների աշխարհ, քո սքանչելի երկնքով, քո հավիտենական գարունով։ Մնաք բարև բուրգեր, ձեր գոռոզ գագաթներով։ Եվ դու, անմահ սֆինքս, քո խորհրդավորությամբ։

Կյանքիս լավագույն պահերից մեկն են եղել այդ տասը շաբաթները այնքան հյուրասեր մի հասարակության մեջ և այնքան գրավիչ մի երկնքի տակ։

Անցել էինք Միջերկրականի ամբողջ երկարությունը, այժմ կտրում էինք նրա լայնությունը։ Շոգենավը մեծ էր և մաքուր ու գեղեցիկ կահավորված։ Մեր ուղեկիցների մեջ կային մի խումբ իտալացիներ։ Օպերային երգչուհի ու երգիչներ էին, Կահիրեում գաստրոլներ էին ունեցել, այժմ վերադառնում էին Իտալիա։ Որքան հաճելի էին նրանք, երբ երգում էին ու նվագում, նույնքան անախորժ էին իբրև ուղեկիցներ։ Հույների չափ աղմկարար. նրանք չգիտեին հարգել ուրիշների հոգեկան անդորրությունն ու բղավում էին իրենց կոկորդի ամբողջ ուժով։ Այլ էին բելգիացիները, որոնց թվումն էր աշխարհահռչակ ջութակահար Թոմսոնը, որ մի քանի անգամ նվագեց ճամփորդների համար։

Գարուն էր։ Անցնում էինք խաղողի ծաղկազարդ այգիների միջով, որոնք տարածվում էին անվերջ շարքերով։ Կարծես երկրի ամբողջ բուսականությունը բաղկացած է միայն խաղողի որդերից և ձիթենիներից։

Նապոլի հասանք Զատկի օրը, գիշերով։