ԻՏԱԼԻԱՅՈՒՄ
Երեք օրվա հանգիստ ծովագնացությունից հետո հասանք Բրինգիզի, ուսկից առինք երկաթուղին դեպի Նապոլի։ Կյանքումս առաջին անգամ Իտալիան տեսել էի 1910 թվականին, այն էլ անցողիկ և նրա մի փոքր մասը՝ Վենետիկը և Միլանը։ Այս անգամ որոշել էի այցելել Նապոլի, Հռոմ և, եթե ժամանակս ներեր, Ֆլորենցիա։
Առաջացած տարիքս չէր կարող ինձ խանգարել երիտասարդական ոգևորությամբ հափշտակվելու արվեստների մայր հայրենիքի հրաշալիքներով։ Վենետիկը ինձ գրավել է իր մայրմարյա պալատներով և սուրբ Մարկոսի տաճարով, իսկ Միլանը իր կաթեդռալով։ Բայց չէ՞ որ հռոմեական և իտալական արվեստների կենտրոնը Հռոմն է, այնուհետև Նապոլի և հետո Ֆլորենցիա։
Գարնան սկիզբն էր։ Անցնում էինք խաղողի ծաղկազարդ պարտեզների միջով և գնում, գնում անվերջ։ Ո՞ւր են գործածում այդչափ խաղող ու ձիթապտուղ։ Կարծես երկրի ամբողջ բուսականությունը բաղկացած է այդ երկու պտուղներից։ եվ թվում է, որ մարդ հարբում է, նայելով աջ ու ձախ։ Հետո միայն, երբ Հռոմի և Նապոլիի պանդոկներում տեսա խմված գինիի քանակությունը, ասացի, որ իտալացու ստամոքսը նույնչափ լայն է, որ չափ կովկասցիինը։
Նապոլի հասանք ս. Զատկի օրը, գիշերով։ Ամբողջ ժամ ու կես քաղաքը կառքով պտտելով, հազիվ կարողացանք ծովափի լավագույն պանդոկներից մեկում երկու սենյակ գտնել։ Մյուս օրը Զատիկ երկուշաբթի էր։ Բոլոր թանգարաններն ու խանութները փակ էին։
Աստված իմ, ինչքան երիտասարդություն ունի Իտալիան։ Այս եղավ իմ առաջին տպավորությունը։ Փղոցները լեցուն են 20-ից 30 տարեկան այրերով։ Կանայք հազիվ երեվում են հատ-հատ, անշուշտ նրանք զբաղված են տնային գործերով։ Ա՜խ, այդ կառապանները. կարծես նրանք երդվել են խլացնել մարդկանց ականջները, գոռում են բարձրաձայն և իրենց երկար մտրակները չխչխկացնում օղի մեջ, երևի իրենց ձեռների ուժը ցույց տալու համար։ Փողոցները