Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/272

Այս էջը սրբագրված է

Փողոցները բացի ծովափից, նեղ են ու կեղտոտ։ Այս ու այնտեղ ծլվլալով խաղում են մանկական խմբեր։ Տոնի առթիվ նրանք հագնված են մաքուր։ Բայց ահա անսովոր մաքրությունը արագ-արագ տեղի է տալիս իտալացի մանուկների սովորական անմաքրությանը։

Ի՞նչ հրաշալի շինություն է Հյումբերթոյի հսկայական գալրին, ուր տեղավորված են քաղաքի լավագույն խանութները և սրճարանները։ Այստեղ են ժողովվում գործունյա և անգործ իտալացիները և այստեղ են խմում իրենց Սենծանո ըմպելիքը։

Չնայելով իր աղմկարար բնությանը, իտալացին մեղմ է և սիրալիր։ Երբ մի բան հարցնում ես, նա պատասխանում է պատրաստակամությամբ։ Երբեմն նա պատրաստ է քեզ ուղեկցել մինչև փնտրած տեղդ։ Առանձնապես նրանք ուշադիր են դեպի օտարականները։ Նապոլիում կար նույնիսկ կառավարության կողմից նշանակված մի առանձին բյուրո՝ այսպես ասած օտարականներին օգնելու համար։ Եթե ճամփորդը հարստահարված է որևէ իտալացուց, կարող է դիմել այդ բյուրոյին և բավարարություն ստանալ։ Ինձ ասացին, որ Իտալիայի ուրիշ քաղաքներում ևս կան այդ տեսակ բյուրոներ։ Որքան ինձ հայտնի է, համանման հաստատություն չկա Եվրոպայի ուրիշ երկրներում։

Պանդոկի սալոնում պատահաբար հանդիպեցի մի քանի հայերին որ եկած Կիլիկիայից։ Նրանք ինձ մխիթարեցին ասելով, որ վերջին կոտորածների ժամանակ զոհված հայերի թիվը այնքան մեծ չէ, որքան լսել էի, այն է՝ 2—2500 հոգի։ Կիլիկիայի հայ երիտասարդությունը պաշտպանվել է ու կռվել է բացառիկ հերոսությամբ, զարմացնելով ֆրանսիացի սպաներին։ Սակայն ֆրանսիացի թղթակիցները հայի հերոսթյունները շարունակ վերագրում էին ֆրանսիացուն։ Եվ, ով գիտե, գուցե պատմությունը գրվելու է այդ տեսակ ազգամոլ և ցուցամոլ վկաների խոսքերի հիման վրա։

— Հայրիկ, վերջապես ե՞րբ պիտի բարձրանանք Վեզուվին տեսնելու։

— Վաղն առավոտյան,— ասացի ես։