Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/274

Այս էջը սրբագրված է

Մեզ հետ գնում են մի խումբ անգլուհիներ, որոնցից մի քանիսը մնացել են ֆունիքյուլերի կայարանում, վախենալով անցնել վտանգավոր ուղին։ Բայց խելառ է նա, ով կփախչի վտանգից և կզրկվի մի այնպիսի անզուգական տեսարանից, որ կարծես մոգական գավազանի մի հարվածով հանկարծ բացվեց մեր առջև։

— Ախ, ի՜նչ գեղեցիկ է,— գոչեց Մարգարիտը և հուզմունքից ընկճված ընկավ հողաթմբի վրա։

Ճիշտ նույն տեղը կանգնած էր անշարժ, ինչպես արձան, բարձրահասակ, նիհար ոսկրոտ դեմքով մի անգլուհի, քթին ակնոց և ձեռքին Բեդեկեր։ Կարծես այդ գիրքը նրա վրա ավելի էր ազդում, քան թե բուն տեսարանը։

Վեզուվիի տեսքը մոտիկից այն չէ, ինչ որ տալիս են լուսանկարները հեռվից։ Նրա գլուխը սրածայր չէ, այլ տափարակ։ Մի ժամանակվա ահռելի հրաբուխը գոյացրել է մի փոս, մոտ մի կիլոմետր տրամագծով։ Փոսի հատակը հարթ է և կանաչ-դեղնագույն։ Դա սառած լավան է։ Դա կենտրոնից քիչ հեռու կա մի լավայի լեռնակ, մի մեծ եկեղեցու գմբեթի լայնությամբ և բարձրությամբ։ Այգ գմբեթի ծայրում կա մի թոնիր մոտ երկու-երեք մետր լայնությամբ։ Ահա այգ թոնիրն է, որ գիշեր-ցերեկ ժայթքում է հուր ու ծուխ։ Դա նման է մի նավթային այրվող շատրվանի։ Ծուխը, ահագին բարձրությամբ, ոսկեգույն է։ Բոլորվելով ինքն իր շուրջը, նա հալած ոսկիի տպավորություն է անում։ Մերթ ընդ մերթ մռնչալով և թնդալով դուրս են արձակվում բոցի հսկայական լեզուներ, և դու զգում ես, որ այնտեղ երկրի կրծքի տակ կա հավիտենական կռիվ։ Բարձրանալով վեր, ծուխը հետզհետե փոխում է իր գույնը, մթնում է և կապույտ երկինքը գծում է հորիզոն նաձև հավիտենական լայն ժապավենով, որ այնքան գեղեցիկ է հեռվից։

Հրաբխային փոսի խորությունն է մեր ոտքերի տակ մոտ 20 մետր։ Նրա շրջապատող հոզակույտերից այս ու այնտեղ դուրս է գալիս շոգիանման ծուխ, և մարդ այն տպավորությունն է ստանում, թե ահա՛, ահա՛ պիտի պայթի այդ վիթխարի կաթսան և կործանի գեղեցիկ Նապոլին, ինչպես կործանել է մի ժամանակ սքանչելի Պոմպեյը։