Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/275

Այս էջը սրբագրված է

Դիտելով տեսարանը, մտածում էի Դանտեի մասին։ Միայն այս երկիրը կարող էր տալ «Դժոխք»֊ի հեղինակին նրա վառվռուն երևակայությունը։ Եվ, ո՜վ գիտե, իր ստեղծագործության միջոցին որքան է ազդվել մեծ բանաստեղծը Վեզուվիից։

Եղանակը ցուրտ է, մենք առանց վերարկուների։ Իջանք, մի ուրիշ անգամ նույն տեսարանը գիշերով դիտելու որոշումով։

Մյուս օրը այցելեցինք Պոմպեյը, որ մի ժամվա ճամփա է օթոմորիլով։ Անցանք քաղաքի ամբողջ երկարությունը։ Չնայելով իր բնակիչների ոչ այնքան մեծ թվին, Նապոլին շատ ընդարձակ է, բայց միայն իր երկարությամբ։ Պոմպեյը Վեզուվիի ստորադասումն է։

Անցանք նրա բոլոր նեղ փողոցները ծայրեիծայր։ Իմ իտալացի ուղեցույցս մերթ ընդ մերթ թեքվում էր ականջիս և իմ ուշադրությունս դարձնում աջ ու ձախ։ Պոմպեյը լեցուն է զեխության և նամանավանդ ցոփության ու հեշտանքի հիշատակներով։ Հետաքրքրական չեն այդ հիշատակները, մանավանդ որ այժմյան մեծ քաղաքների կյանքի համեմատ Պոմպեյի կյանքը մի երեխայական զվարճալիք է։ Ավելի հետաքրքրական են այն դիակները, որ դուրս են բերված մոխիրի տակից և որքա՜ն անխախտ են մնացել։ Հեղինակավոր մարդիկ ասում են, որ Պոմպեյի միայն մի մասն է բացված, և որ մոխիրների տակ կան դեռ շատ բաներ։

ԹԱՆԳԱՐԱՆԸ ԵՎ ԱԿՎԱՐԻՈՒՄԸ

Ոչ մի բան այնքան հոգնեցուցիչ չէ, որքան թանգարաններ դիտելը։ Աչքերի հոգնածությունը զարմանալի ազդում է մարդուս կազմվածքի վրա։ Մի քանի սրահներ անցնելուց հետո մարդու ոտները թուլանում են և զգացումները գրեթե բթանում։

Նապոլիի թանգարանը ինձ վրա խորագույն ազդեցություն է թողել։ Իրավ է, նա այնքան մեծ չէ, որքան Վատիկանը կամ