Բայց բավական էր և այն, ինչ որ տեսա չորս-հինգ այցելությամբ։
Երկու բան ինձ վրա թողեց ամենախոր տպավորություն,— Ռաֆայելի գալերեան, իբրև նկարչություն և Լաոկոնը և Բելվեգերյան Ապոլոնը, իբրև անդրեագործություն։ Սիքստինի մատուռը ինձ վրա տպավորություն չգործեց։ Պապը շահագործել է Միքել Անջելոյի հանճարը, ստիպելով նրան իր մարգարիտները թափել մթության մեջ։ Այո, կատարյալ մթության այս մատուռում, նա այնքան բարձր է, որ առաստաղի հրաշալիքները տեսնել գրեթե անհնարին է։ Ահա թե ինչու պահապանը յուրաքանչյուր մի այցելուի տալիս է հայելի, որի միջոցով հազիվհազ կարողանում ես քիչ թե շատ բան տեսնել։ Գալով պատերի նկարներին, նրանք ևս մութն են նախ մատուռի լույսի պակասության պատճառով ու ապա շարունակ վառ մոմերի ծուխից։ Մարդ այստեղ ավելի վրդովվում է, քան զմայլվում։ Չգիտեմ իրավացի եմ, թե ոչ, բայց ինձ թվում է, որ եթե Միքել Անջելոյի և Ռաֆայելի հանճարները կաշկանդված չլինեին պապերի պատվերներով և նրանց կրոնամոլությամբ, ավելի զմայլելի գործեր պիտի տային։
Հնությունները թափառելու ժամանակ ոճրագործ Ներոնի պատկերն ես տեսնում ամենուրեք, մանավանդ, այնտեղ, ուսկից նա դիտել ու հիացել է Հռոմի հրդեհով։
Ս․ Պեարոսի տաճարը ազգում է իր հոյակապությամբ։ Նա ամենամեծն է աշխարհի բոլոր տաճարներից։ Հարկավ իր ճարտարապետությամբ նա չի թողնում այնպիսի խոր տպավորություն, ինչպես գոթական ոճը, բայց նա շքեղ է։
Նույն տպավորությունը չի թողնում Ս. Պողոսի տաճարը։ Այստեղ ոսկին այնքան առատ է, որ տաճարը կայսերական պալատի է նմանում։ Այդ տաճարը քաղաքից դուրս է ու զարմանալի։
․․․Այն մարդիկ, որ տասնյակ և հարյուրավոր միլիոնների տերեր էին, այժմ ահռելի կարիքի մեջ են։ Այստեղ հանդիպեցի ի միջի այլոց և Գուչկովի ընտանիքին,— այն մարդուն, որ Նիկոլայ II-ի մոտ էր ուղարկված առաջարկելու, որ նա հրաժարվի գահից։ Այդ մարդուն ես համարում էի Ռուսիայի և մանավանդ Կովկասի դժբախտության պատճառը։ Նա