Գրեթե նույն դրության մեջ տեսանք և գերեզմանատնից վեր գտնվող Կուսանաց Անապատը, ուր թաղված է Հովհաննես արքեպիսկոպոս Համազասպ կոչվածը, որ շինել է տվել հռչակավոր «Համազասպա գավիթը», թաղված է Գևորգ արքեպիսկոպոսը, որի հետ թղթակցում էր Շնորհալին, Իգնատիոս և Ստեփանոս վարդապետները, որոնք մասնակից էին Զաքարե Սպասալարի Լոռվում կազմած ժողովին, այն հռչակաովոր ժողովը, որ վճռում էր, թե հարկավո՞ր է արդյոք մեր եկեղեցու ավանդությունների մեջ մի քանի օտար ներմուծություններ անել։ Այդ ամենը տեսնելով, կարելի էր երևակայել, թե ինչ կլինի Տերունական լեռան գագաթում կառուցված «Տերունական» իսկ անունով մատուռը, որի դրությունը Երզնկյանցը շատ տխուր գույներով է նկարագրում իր գրքում։ Այսպիսի անհոգության վկա լինելուց հետո՝ մեզանում բարոյական ում չմնաց տեսնել ո՛չ ս․ Զորավանք, ո՛չ Ջգրաշեն, ո՛չ ս․ Սիոն եկեղեցիները, ո՛չ ս. Կյուրակե մատուռը, որոնք սփռված են գյուղի շրջակայքում։
Մենք վերադարձանք վանքի սենյակները, ուր արդեն հյուրասեր հայր Գեղամը մեզ համար պատրաստել էր տվել ճոխ սեղան։
Ճաշի ժամանակ մենք խոսում էինք Հաղբատի բնակիչների տնտեսական և բարոյական կացության մասին։
Ցերեկով ընդամենը 7—8 ժամ մնալով Հաղբատում և գրեթե ամբողջ ժամանակ հնությունների մեջ թափառելով, մենք ժամանակ չունեցանք գյուղացիների կյանքն անձամբ դիտելու և նրա մասին մի գաղափար կազմելու։ Տարվա այն ժամանակն էր, որ գյուղի տղամարդկանց և երիտասարդ կանանց մեծ մասն իրենց անասունների հետ գտնվում էին լեռների արոտներում։ Մերթ ընդ մերթ խրճիթների կտուրներում երևում էին կամ կիսամերկ, կարմիր շիլա շապկով, բոբիկ մանուկներ, կամ «էշամաղով» բերանները ծածկած կանայք, պառավ թե երիտասարդ—այդ նրանը գլխի թանձր շալին էր հայտնի։ Միայն մեր ընկերակից Թադևոս Զաքարյանին հաջողվեց մի տուն մտնել, գյուղական քահանայի ընտանիքը, այն ևս պատահաբար։ Տեր հայրը մեզ հետ անդադար պտտում էր դեսուդեն տխուր դեմքով երևում էր։